12:49 | 02.06.12 | Նորություններ | 1050

«Ձեռնարկությունների ինկուբատոր» vs. «Հայկական ծրագրեր»` մաս 2-րդ

Երեւան/Մեդիամաքս/. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն (ՁԻՀ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ` արձագանքելով մայիսի 31-ին «Հայկական ծրագրեր» ընկերության հայտարարությանը, որում ՁԻԳ գործունեությունը գնահատվել էր «խիստ բացասական»:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հայտարարության մեջ ասված է.

««Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հիմնվել է 2002թ. եւ գործունեության 10 տարիների ընթացքում արդյունավետ կերպով իրականացրել է իր հիմնական առաքելությունը` ապացուցելով, որ Հայաստանի Հանրապետությունում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախաձեռնված լավագույն նախագծերից է, որն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ եւ ծրագրեր` կադրերի պատրաստման եւ կարողությունների զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների ձեւավորման, հայաստանյան շուկա ոլորտի վերազգային կազմակերպությունների ներգրավման եւ, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի, որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձեւավորման եւ բարձրացման ուղղությամբ:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՁԻՀ-ը յուրաքանչյուր տարի ենթարկվում է մասնագիտական, բովանդակային եւ ֆինանսական աուդիտի` միայն ՀՀ-ում արտոնագրված եւ միջազգային կառույցների կողմից ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից, որի արդյունքները հրապարակվում են նաեւ մամուլում:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմում են ՀՀ պետական, մասնավոր, ակադեմիական եւ միջազգային կառույցների ղեկավար-ներկայացուցիչներ, ՁԻՀ-ի բոլոր տարիների գործունեությունը գնահատվել է գերազանց:

ՁԻՀ-ի գործունեությունը բարձր է գնահատվել նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` դոնոր կառույցների կողմից, եւ այսօր հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում: