17:55 | 01.06.12 | Նորություններ | 1149
Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտեր:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, այսօր Երեւանում ներկայացնելով նորամուծության առանձնահատկությունները, նշել է, որ նույնականացման քարտը պարունակելու է քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ:
Կեսաչափական անձնագրերի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները: Ըստ փոխոստիկանապետի, այս փաստաթղթերը դյուրացնում են նաեւ այլ երկրների մուտքի արտոնագրերի տրամադրումը:
Հայաստանում նույնականացման ժամանակակից փաստաթղթերի ներդրումն իրականացնող «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին նշել է, որ նոր տեսակի փաստաթղթերը գրեթե անհնար են դարձնում անձնական տվյալների գողությունը եւ փաստաթղթերի կեղծումը:
ՀՀ քաղաքացիները ժամանակակից փաստաթղթերը ստանալու են կամավորության սկզբունքով: