11:15 | 02.06.12 | Նորություններ | 2636

Օրանժը հրատարակել է Նարինե Կռոյանի, Վիոլետ Գրիգորյանի, Տաթեւ Դերզյանի եւ Վահրամ Մարտիրոսյանի գրքերը

Երեւան: Մեդիամաքս: «Բյուրոկրատ» գրատանը տեղի է ունեցել «Orange գրքի մրցանակ 2011» մրցույթի հաղթողների հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը:

Հրատարակվել են Նարինե Կռոյանի «Շների համաստեղությունը», Վիոլետ Գրիգորյանի «Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը», Տաթեւ Դերզյանի «Ֆուտբոլի գնդակի երազանքը» եւ Վահրամ Մարտիրոսյանի «Չարենց» ֆիլմի սցենարը:

«Ուրախությամբ եւ հպարտությամբ ենք այսօր ներկայացնում գրքերը, որոնք ստեղծվել են մրցույթի, ժյուրիի աշխատանքի, ընթերցասերների հետաքրքրության ու ներգրավվածության արդյունքում:  Մրցույթը թույլ տվեց բացահայտել նոր ու երիտասարդ անուններ, ինչպես նաեւ ստեղծեց հանրային քննարկումներ, ինչը նաեւ վերջինիս կարեւոր նպատակներից էր», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել էր 130 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը հրատարակվել է առանձին գրքով, 500 տպաքանակով:

Orange Գրքի մրցանակն ամենամյա է: 2012 թվականի մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ: Մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/book-prize/ էջում: