Քրիստին Ալբանելն ու Բրունո Դյութուան
16:42 | 19.04.12 | Նորություններ | 3571
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում Orange հիմնադրամի ստեղծման առաջին տարեդարձի առթիվ մեր երկիր է ժամանել Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի հաղորդակցության եւ բարեգործության գծով գործադիր փոխտնօրեն Քրիստին Ալբանելը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ ըստ դիտարկումների, Orange-ը կարճ ժամանակահատվածում դարձել է Հայաստանի տնտեսական եւ սոցիալական կյանքի կարեւոր դերակատար:
“Orange-ն իր գործունեության 35 երկրներից կեսում միայն ունի Orange հիմնադրամ: Հայաստանում Orange-ի կոմերցիոն մեկնարկից մեկ ու կես տարի հետո հիմնադրամի ստեղծումը բավականին արագ է ընթացել, ինչն արտացոլում է մեր նվիրվածությունը ”,- նշել է նա:
Քրիստին Ալբանելի խոսքերով, Orange հիմնադրամն իր բարեգործական գործունեությունը ծավալում է ըստ տվյալ երկրի խնդիրների:
“Ընդհանուր է Orange-ի առաքելությունը. Orange-ը ցանկանում է հասարակությանը մոտ բրենդ դառնալ: Հիմնադրամների գործունեության առանցքային ուղղություններն են առողջությունը` հիմնականում հաղորդակցական ունակությունների հետ կապված խնդիրներ, կրթությունը եւ թվային աշխարհի հասանելիությունը”,- ասել է նա:
Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան էլ ասել է, որ Orange հիմնադրամի խորհրդում այժմ քննարկվում են նոր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու Հայաստանի սահմանամերձ շրջանների գյուղական համայնքների զարգացմանը:
Քրիստին Ալբանելը 2007-2009թթ. եղել է Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարար: Նա նաեւ ժամանակակից գրականության դոկտոր է, մի շարք պիեսների եւ վեպերի հեղինակ: