15:12 | 11.04.12 | Նորություններ | 1356

Orange Արմենիան եւ ԻՏՁՄ-ն հայտարարել են 2012թ. “Բաց խաղ” առաջնության մեկնարկը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Արմենիան եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) այսօր հայտարարել են “Բաց խաղ” համակարգչային խաղերի նախագծման առաջնության մեկնարկի մասին:

“Բաց խաղ” առաջնությունը Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ: Այն անցկացվելու է 4 փուլով եւ ունենալու է 9 անվանակարգ`լավագույն խաղ (գլխավոր մրցանակ 350 հազ. դրամ), լավագույն սոցիալական բջջային հավելված (250 հազ. դրամ), լավագույն բջջային խաղ (200 հազ. դրամ), սցենար, դիզայն, պատանիների առաջնություն եւ այլն:

Orange Արմենիա-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր ասել է, որ նման առաջնությունները կնպաստեն ՏՏ ոլորտի կայացմանը եւ փոքր ձեռնարկությունների ստեղծմանը:

“Տեղեկատվական տեխնոլոգիաների առումով Հայաստանը մեծ ներուժ ունի, մեր նպատակն է վեր հանել եղած ներուժը եւ զարգացնել այն` աջակցելով եւ խրախուսելով երիտասարդներին: 2011թ առաջնությանը մենք հրաշալի կատարումներով նախագծեր տեսանք, որոնք պատրաստ են եւ կարող են շուկա մտնել”,-ասել է Բրունո Դյութուան:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ընդգծել է, որ խաղային արդյունաբերության ոլորտը կարող է ուժեղացնել Հայաստանի դիրքերն աշխարհում:

Առաջնությունը չունի ո՛չ տարիքային, ո՛չ էլ նախագծերի տիպերի եւ տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է մինչեւ սեպտեմբերի 30-ը հայտ ուղարկել shushanik.vardanyan@uite.org էլեկտրոնային հասցեին:

Մինչեւ ապրիլի 30-ը գրանցվող մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու համակարգչային խաղերի դիզայնին եւ նախագծմանը նվիրված սեմինարներին: