14:14 | 11.04.12 | Նորություններ | 3783

Հայաստանում սպասվում է առաջին վենչուրային ֆոնդի գործարկումը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը եւ մասնավոր հատվածը $ 3-ական մլն կուղղեն Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդի ձեւավորման վրա:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր ասել է, որ հիմնադրամն, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել այս տարեվերջին եւ կֆինանսավորի սկսնակ ՏՏ-ընկերություններին:

Ըստ նրա, ոլորտում ձեռներեցության խթանումը խիստ կարեւոր է՝ հաշվի առնելով երկրում առկա ներուժը: «Որպես օրինակ, կարող եմ բերել Nokia-ի կողմից գաղափարների մրցույթի անցկացումը, որին ներկայացված 944 գաղափարներից շուրջ 400-ը Հայաստանից էին», - ասել է Բագրատ Ենգիբարյանը:

Նա նշել է նաեւ, որ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում արտերկրում գործող վենչուրային հիմնադրամներին Հայաստան ներգրավելու ուղղությամբ:

ՁԻՀ տնօրենը հայտնել է, որ վերջին տարիներին ոլորտի միջին տարեկան աճը կայունացել է եւ կազմում է 22-23%: ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն իր հերթին ասել է, որ ոլորտի ամեն մի աշխատող ստեղծում է տարեկան $36 000 ավելացված արժեք:

ՁԻՀ տնօրենը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը համաշխարհային ՏՏ շուկայում փոխում է իր դիրքավորումը ՏՏ-ծառայությունների աութսորսինգի վայր լինելուց դեպի ոլորտում նոր արժեքներ ստեղծող երկրի:

«Մասնավորապես, Microsoft-ի հայաստանյան ինովացիոն կենտրոնը ճանաչվել է աշխարհում նմանատիպ կենտրոններից լավագույններից մեկը, D-Link եւ National Instruments ընկերությունները ստեղծել են Հայաստանում իրենց տարածաշրջանային կենտրոնները, իսկ Nokia-ն բացել է իր մոբայլ լուծումների mLab լաբորատորիան», - ասել է ՁԻՀ տնօրենը: