14:50 | 05.03.12 | Նորություններ | 2964

Orange-ի աջակցությամբ Գյումրիի «Արձագանք» մանկապարտեզն արդեն ջեռուցում ունի

Երեւան: Մեդիամաքս:Այսօրվանից Գյումրիի «Արձագանք» մանկապարտեզ-նախակրթարանը, որն ունի մոտ 200 սան, կօգտվի ջեռուցման նոր համակարգից:

Մանկապարտեզի` ջեռուցման համակարգով վերազինման ծրագիրն իրականացվել է Orange Հիմնադրամի կողմից վերջերս մեկնարկած հատուկ նախագծի շրջանակներում, որի նպատակն է հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ եւ աջակցել այս ժամ այն խնդրի լուծմանը:

Գյումրիի մանկապարտեզն Orange-ի աշխատակիցների առաջարկով ֆինանսավորվող նախագծերից առաջինն է:

«Մենք չափազանց կարեւորում ենք մեր աշխատակիցների ներգրավումը ընկերության հասարակական գործունեությանը: Բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է, մեր աշխատակիցներն այդ ծրագրերի իրականացման անմիջական մասնակիցն են դառնում: Սակայն մենք փորձեցինք գնալ եւս մեկ քայլ առաջ. այժմ մեր աշխատակիցները կարող են իրենք դառնալ նախագծի հեղինակ եւ համակարգող: Orange Հիմնադրամն ուրախ է աջակցել ընկերության աշխատակիցներին փոքր կամ մեծ չափով լուծել խնդիրներ, որոնք վերջիններս տեսնում կամ կարեւորում են իրենց շուրջ», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Ջեռուցման նոր համակարգի ձեռքբերման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 2,8 միլիոն դրամ: