16:28 | 31.01.12 | Նորություններ | 1954

ԱրմենՏել-ը կհովանավորի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Գարո Արմենը այսօր Երեւանում ստորագրեցին փոխհամաձայնության հուշագիր երկարատեւ համագործակցության մասին:

Համաձայնագրի շրջանակում ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) կհովանավորի “Հայաստանի մանուկներ” հիմնադրամի կրթական, բնապահպանական եւ սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը, հայտնել են ընկերությունում:

2012-ի ընթացքում ԱրմենՏել-ը կաջակցի ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերին, որոնք կիրականացվեն Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի 6 գյուղում: Դասընթացների արդյունքում ավելի քան 100 ուսուցիչներ ձեռք կբերեն հիմնական համակարգչային գիտելիքներ, կծանոթանան ինտերնետում աշխատելու եւ տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին:

«Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական ծրագրի շրջանակում կարտադրվեն եւ կտարածվեն կտորե տոպրակներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա կրճատելու շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Ավելին, այս ծրագրի շրջանակում լուծվում են ոչ միայն էկոլոգիական, այլ նաեւ սոցիալական հարցեր, քանի որ կտորե տոպրակների արտադրությունը ենթադրում է աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքներում:

«ԱրմենՏել ընկերությունը ձգտում է աջակցել Հայաստանի մարզերում կրթական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք կներկայացնեն հստակ ծրագրեր այս ուղղությամբ: Համոզված եմ, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համատեղ մենք արդյունավետորեն կիրականացնենք վերոնշյալ ծրագրերը` իրական օգնություն հասցնելով եւ´ մարդկանց, եւ´ շրջակա միջավայրին», - նշել է Իգոր Կլիմկոն:

«Մենք հպարտ ենք համագործակցել ԱրմենՏել-ի հետ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կառուցում է առողջ, բարգավաճ, մշակութապես աշխույժ միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ունեն հնարավորություն հասնելու իրենց ներուժի գագաթնակետին եւ նշանակալիորեն աջակցելու իրենց համայնքների եւ աշխարհի զարգացմանը», - նշել է Գարո Արմենը: