10:12 | 30.01.12 | Նորություններ | 10761

Orange, Beeline եւ VivaCell-MTS. ու՞մ է ավելի հարկավոր MNP-ն

Երեւան/Մեդիամաքս/. Նախորդ շաբաթ Հայաստանում կրկին քննարկումներ սկսվեցին բջջային համարի շարժականության համակարգի (Mobile Number Portability, MNP) ներդրման խնդրի շուրջ: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հետ հանդիպմանն այս հարցը բարձրացրեց Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի փոխնախագահ Բենուա Շինը: «Դելովոյ Էքսպրես» թերթի հետ հարցազրույցում նա նշել է, որ MNP-ի ներդրումը գուցե միակ բանն է, ինչը Orange-ին չի հաջողվել անել Հայաստանում:

 «MNP-ի առկայությունն ոչ միայն փոխում է բաժանորդ-օպերատոր հարաբերությունները, այլեւ սկզբունքորեն փոխում շուկայի հասկացողությունը` դինամիկան», - ասել է Բենուա Շինը:

«Հայաստանում, կարծես թե, խոսում են MNP-ի ներդրման մասին մինչեւ 2013-ի վերջ, ինչը նշանակում է եւս 2 տարի շարունակել աշխատել առանց այդ դինամիկայի: Կարծում եմ, վերոնշյալ ժամկետը չափազանց ուշ է, եւ ափսոսում եմ, որ մարդիկ ստիպված կլինեն սպասել եւս 2 տարի, մինչեւ կարողանան օգտվել այդ ծառայությունից»,- ասել է Orange-ի փոխնախագահը:

Կարգավորող


Երեք տարի առաջ` 2009-ի հունվարին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր, որ ՀԾԿՀ-ն քննարկում է MNP-ի ներդրման հնարավորությունը: Նա նշել էր, որ MNP-ն բջջային շուկայում մրցունակության ապահովման տարրերից է, սակայն ավելի կիրառելի է այն երկրներում, որտեղ կա բջջային կապի 100% ներթափանցում: Գեորգ Գեւորգյանը նշել էր, որ այդ պահին Հայաստանում շուկայի հագեցվածությունը դեռ չի հասել նման ծավալների:

ՀԾԿՀ-ի ներկայացուցիչն ասել էր, որ MNP-ի ներդրումը կպահանջի օրենսդրական փոփոխություններ, քանի որ Հայաստանում «Էլեկտրոնային հաղորդակցության» մասին օրենքի ընդունման ժամանակ գործում էր միակ բջջային օպերատորը` «ԱրմենՏել»-ը, եւ MNP-ի նախատեսումը բացարձակ մենաշնորհի պայմաններում անտեղի կլիներ:

2009-ի ապրիլին ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը ձեռնպահ էր մնացել MNP-ի ներդրման ժամկետները նշելուց, քանի որ դա ժամանակատար եւ բարդ խնդիր է:

«Շատ երկրներում MNP ծառայություններին անցնելու գործընթացը տեւում է 5-10 տարի: Կան նաեւ երկրներ, որոնք այդպես էլ չեն անցնել այս համակարգին: Մեզ իսկապես անհրաժեշտ է շուկաների եւ ենթակառուցվածքների ձեւափոխում, որոնց առկայությունն ապագայում հնարավորություն կտա կիրառել MNP ծառայությունը: Միաժամանակ, դա չի նշանակում, որ մենք չենք աշխատելու այս ուղղությամբ եւ չենք փորձելու հնարավորինս շուտ ներդնել MNP: Մեզ հարկավոր է խորհրդակցական աջակցություն, որի համար մենք դիմել ենք դոնոր-կազմակերպություններին: Վերջնական որոշում կայացնելու համար, իմ կարծիքով, կպահանջվի առնվազն 1-2 տարի»,- նշել էր ՀԾԿՀ անդամը Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

2010թ. ամռանը Սամվել Արաբաջյանը Մեդիամաքսին ասել էր, որ «եթե անկեղծ լինենք, մեր վերջին հարցազրույցին հետո մեզ չի հաջողվել շատ առաջ գնալ այս խնդրի շուրջ»:

«Իմ անձնական կարծիքն այն է, որ վաղաժամ է խոսել Հայաստանում MNP-ի ներդրման մասին: Մեր շուկան դեռ զարգացման փուլում է, եւ մենք պետք է հասկանանք, թե հնարավոր սխեմաներից որ մեկը կարող ենք ներդնել Հայաստանում, քանի որ արմատական փոփոխություններ կատարելուց հետո շատ դժվար կլինի փոխել ստեղծված իրավիճակը: Մեզ հարկավոր է հստակ տնտեսական հիմնավորումներ ունեցող հավասարակշռված լուծում: Կարծում եմ, մեզ հարկավոր է առնվազն եւս 1-2 տարի շուկայի վիճակը գնահատելու համար»,- ասել էր Արաբաջյանը:

2011թ. հոկտեմբերին Սամվել Արաբաջյանն ասել էր, որ MNP-ի ներդրման աշխատանքները սկսվել են: Նա կրկին չէր հստակեցրել Հայաստանում MNP-ի ներդրման ժամկետները` նշելով, որ դա կախված է բջջային օպերատորների կողմից անհրաժեշտ ներդրումներ կատարելու պատրաստակամությունից, ինչպես նաեւ մի շարք իրավական հարցերից: Սամվել Արաբաջյանը հայտնել էր, որ ՀԾԿՀ-ն մտադիր է մինչեւ 2012-ը Հայաստանում ներդնել «ազգային ռոումինգի» ծառայություն, որը «MNP-ի հնարավորությունների գրեթե կեսն է»:
 
Օպերատորներ

«ՖՏԱ-Տելեկոմ» (Orange ապրանքանիշ) ընկերության գլխավոր տնօրեն Քրիստիան Բուենոն 2009-ի սկզբին ասել էր, որ MNP-ի ներդրումը «բջջային կապի բաժանորդներին իրական ընտրության հնարավորություն կտա»:

ԱրմենՏել-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն այն ժամանակ Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշել էր.

«MNP-ի ներդրումը պետք է կարգավորվի օրենքով եւ ունի ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց կողմեր: Նախ, յուրաքանչյուր բջջային օպերատորի համար տագնապալից խնդիր է հանդիսանում այն, թե ու՞մ կողմից եւ ինչպե՞ս  է իրականացվելու համարների գրանցման հարցը: Հետո, MNP-ի ներդրումը կապված է զգալի ծախսերի հետ, եւ չնայած կհանգեցնի ոչ գնային մրցակցության ուժեղացմանը, սակայն կարող է ազդել ընկերության ծախսերի վրա եւ նպաստել կոռուպցիոն ռիսկերի բարձրացմանը»:

«MNP-ի իրականացման ընթացքում պետք է իրականացվի կապիտալ եւ գործառնական ծախսերի, ինչպես նաեւ մրցակցության նորմերի համարժեք վերահսկողություն: Հետեւաբար, ցանկալի է, որ նախքան ծառայության ներդրումն աշխատեն կարգավորող մարմինները եւ ներդնեն հստակ օրենսդրություն»,- Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը:

Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով MNP-ի ներդրման հեռանկարները` ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը 2009-ի մարտին ավելի բացահայտ կարծիք հայտնեց, որ այս քայլը խաղացողներից մեկի կողմից կարող է դիտարկվել որպես «կանաչ լույս»:

2010-ի սկզբին Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Մեդիամաքսին ասել էր, որ «մենք MNP-ի կարիք ունենք, եւ տվյալ ծառայության ներդրման համար անհրաժեշտ ներդրումները կարող են կիսվել բոլոր օպերատորների միջեւ»:

Մեկնաբանելով Ֆրանս Տելեկոմի փոխնախագահի վերջին հանդիպումը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հետ` ԱրմենՏել-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը չեն արել միանշանակ հայտարարություններ: Նրանց մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ ընկերությունները պատրաստ են այս հարցի քննարկմանը:

Եզրակացություն

Ակնհայտ է, որ Orange Armenia-ն շուկայում իր գործունեությունը սկսելուց ի վեր չափազանց շահագրգռված է Հայաստանում MNP-ի ներդրմամբ: Դա նոր խաղացողին հնարավորություն կտար բաժանորդների սակավության հաշվին թեթեւացնել բաժանորդային բազայի համալրման գործընթացը, քանի որ հեռախոսահամարի պահպանումը մեծ նշանակություն ունի բաժանորդների համար: Եթե, օրինակ, Հայաստանում MNP-ն ներդրվի այս տարի, դա արդեն զգալի արդյունք չի բերի Orange-ին, ինչպես ի սկզբանե հույս ուներ ընկերությունը, քանի որ իր բաժանորդների «միջուկը» արդեն ձեւավորվել է, եւ մյուս օպերատորներից «հեռացողների» թիվը դժվար թե նշանակություն ունենա: Բացի այդ, պետք է չմոռանալ նաեւ այն հանգամանքը, որ որոշակի տոկոս կկազմի նաեւ բաժանորդների արտահոսքը:

MNP-ի ներդրումը, անկասկած, առաջընթաց քայլ է, որից կօգտվեն բաժանորդները: Սակայն, դրա ներդրումը պահանջում է ծավալուն ֆինանսական հոսքեր օպերատորներից, մինչդեռ նրանց եկամուտը խիստ մրցակցության պայմաններում կրճատվել է: Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ տվյալ հարցի լուծումը մնում է զուտ շուկայական տրամաբանության շրջանակներում: