15:03 | 23.12.11 | Նորություններ | 3329

ԱրմենՏել-ն ավարտում է Սիսիանի հեռախոսացանցի թվայնացումը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) մինչեւ տարեվերջ կավարտի Սիսիան քաղաքի հեռախոսային ցանցի եւ ավտոմատ հեռախոսակայանների թվայնացման աշխատանքները:

Աշխատանքները ներառում են քաղաքային ցանցի կապիտալ նորոգումը եւ վերակառուցումը, ինչպես նաեւ քաղաքային հեռախոսակապի բոլոր հաճախորդների վերամիացումը նոր թվային գծերին: Սիսիան քաղաքի «ԱրմենՏել» ընկերության քաղաքային ցանցի հեռախոսահամարները կդառնան հնգանիշ` գործող քառանիշ համարների առջեւ կավելանա «2» թիվը: Սիսիան քաղաքի կոդը կդառնա եռանիշ (283), նախկին քառանիշի (2830) փոխարեն:

«2012 թվականին «ԱրմենՏել» ընկերությունը կշարունակի առաջնորդվել ենթակառուցվածքների արդիականացման եւ զարգացման ռազմավարությամբ: Հայաստանի միասնական օպերատորի բազմամիլիոնանոց ներդրումներն ուղղված են  ձայնային ծառայությունների որակը բարելավելուն եւ ինտերնետը հասանելի դարձնելուն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ բոլոր բնակավայրերում», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Թվային կայաններին արդեն միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը ամբողջ Հայաստանում, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ: