10:05 | 23.12.11 | Նորություններ | 2478

iOS-ի, Android-ի եւ Windows Phone-ի միջեւ «պայքարը». 2011-ի արդյունքներ

Երեւան/Մեդիամաքս/. Հեռացող 2011-ը բջջային սարքերի պատմության մեջ կմա որպես տարի, երբ վերջնականապես ձեւավորվեց սմարթֆոնների համար օպերացիոն համակարգեր առաջարկող առաջնորդների եռյակը` iOS-ը, Android-ը եւ Windows Phone-ը, գրում է Gazeta.ru-ն: Ձեզ ենք ներկայացնում ամփոփագրի կրճատ տարբերակը:

Այսօր պատճառներ չկան հավատալու, որ առաջիկա մի քանի տարիներին բջջային օպերացիոն համակարգերի շուկայի առաջնորդներից մեկը կարող է լրջորեն զիջել իր դիրքերը, կամ այս եռյակ կարող է «ներթափանցել» մեկ այլ ընկերություն: Քիչ հավանական է, որ Bada-ի, MeeGo-ի կամ BlackBerry-ի օպերացիոն համակարգերին հաջողվի տեսանելի ապագայում մրցակցել «հզոր եռյակի» հետ:

Ինչպե՞ս այս պարագայում պետք է վարվի միջին սպառողը, երեք բջջային հարթակների ո՞ր սարքը ընտրի: Սա բարդ խնդիր է, ավելին` շատ դեպքերում նա չի ունենա միանշանակ «ճիշտ» պատասխան:

Կարելի է ենթադրել, որ Windows Phone-ին կհաջողվի խոշոր եւ վառ պատկերներ ունեցող ինտերֆեյսի միջոցով գրավել ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ տարիքային խմբին:

Այնպես որ, այն, որ տվյալ պահին Windows Phone-ը կզիջի իր մրցակիցներին հավելումների քանակով` լուրջ փաստարկ չէ: 2012-ին այս բացթողումն ամբողջությամբ կվերացվի: Իսկ ահա Microsoft-ի օպերացիոն համակարգն ունի իր առավելությունները` այն այնքան էլ պահանջկոտ չէ համակարգչի հզորության նկատմամբ եւ դա, անշուշտ, նվազեցնում է  Windows-ֆոնի արժեքը:  Ինչ վերաբերում է էներգիայի խնայողությանը, այսինք` սմարթֆոնի ավտոմատ աշխատանքի ժամանակին, ապա WP 7-ի հիման վրա աշխատող սարքերը, ինչպես վկայում են ոչ քիչ թվով օգտատերեր, լավ արդյունքներ է ցուցադրում:

Անկասկած, Andrоid հարթակի առավելությունը Google-ի ֆիրմային ծառայություններն են:

Թերությունները հայտնի են բոլորին` Android-ի վերջին տարբերակների ցածր էներգետիկ արդյունավետությունը, սմարթֆոնների եւ պլանշետների ապարատային բաղադրիչների նկատմամբ բարձր պահանջները: Օրինակ` Android 4.0 Ice Cream Sandwich-ի աշխատանքի համապատասխան արագության համար անհրաժեշտ է երկմիջուկային պրոցեսոր եւ նվազագույնը 1 Գբ օպերատիվ հիշողություն: Չնայած իր գործառնությամբ Ice Cream Sandwich-ը զգալիորեն գերազանցում է Windows Phone 7-ի վերջին` Mango տարբերակը:

Apple iOS 5-ի բոլոր առավելություններն ակնհայտ են: Ցանկացած բջջային հավելում նախ եւ առաջ ծրագրավորվում է iOS-ի, իսկ հետո միայն ուրիշ բջջային օպերացիոն համակարգերի համար:

iOS 5-ն ունի լուրջ առավելություն, չնայած վերաբերում է միայն անգլախոս օգտատերերին: Դա ձայնային վիրտուալ օգնական Siri-ն է, որի օգնությամբ հնարավոր է դարձել ոչ միայն ձայնային հրահանգներ տալ սմարթֆոնին, այլեւ լիարժեք զրուցել, պատասխաններ ստանալ եւ նույնիսկ ներգրավել երկխոսության մեջ:
Ծառայության թողարկումից անմիջապես հետո Google-ում եւ Microsoft-ում շտապեցին հայտարարել նմանատիպ սեփական ծրագրերի առկայության մասին:

Google-ում հայտարարեցին Majel նախագծի գոյության մասին, որը ստացել է իր անվանումը Մեջել Բարեթից (Majel Barrett)-ից: Հենց նրան ձայնով էր համակարգչային ինտերֆեյսը շփվում օգտատերերի հետ դասական “Աստեղային ճանապարհ” հեռուստասերիալում: Սկզբում հայտարարել էին, որ ծառայությունը կթողարկվի Android Ice Cream Sandwich-ի հետ միաժամանակ, սակայն Android 4.0-ն արդեն լույս է տեսել, իսկ Majel ծառայությունը դեռ չկա: Խոստացել են, որ այն կհայտնվի առաջիկա ամիսներին Ice Cream Sandwich-ի թարմացումներից մեկի հետ միասին:

Microsoft-ը հայտարարել էր, որ Windows Phone-ն արդեն ունի Siri-ի նմանակը, ընդ որում` գրեթե մեկ տարի: Սակայն ստացվեց նույն բանը` HP-ի եւ Microsoft-ի առաջին պլանշետը ներկայացվեց ավելի շուտ, քան iPad-ը, բայց շնորհանդեսից հետո ոչ ոք չտեսավ այն:

Ինչեւիցե, մի բան ակնհայտ է` բջջային գանջեթների հետ ձայնային փոխգործակցությունը  վեճի առարկա կդառնա շուկայի երեք առաջնորդների միջեւ:

Օրինակ` այս տարվա աշնանը ցանցում հայտնվել էր տեսանյութ, որը ներկայացնում էր ցանկացած հարթ մակերեսների համար նախատեսված հոլոգրաֆիկ վիրտուալ ստեղնաշարով հայեցակարգային մշակում: Տեսանյութի հետ միաժամանակ լուրեր տարածվեցին, որ նոր iPhone 5-ը կարող է ունենալ նման ստեղնաշար: