15:04 | 23.11.11 | Նորություններ | 3845

Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամ է ուղղել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ծավալը ընթացիկ տարում կազմել է 100 մլն դրամ, այսօր Երեւանում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ելույթ ունենալով “Սինոփսիս Արմենիա” ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանի հետ համատեղ ասուլիսում` Ռալֆ Յիրիկյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կդառնա համաշխարհային առաջատարներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: 

Հովիկ Մուսաելյանը ներկայացրել է ընթացիկ տարում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ Սինոփսիս-Արմենիա-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրականացված ծրագրերը՝ առանձնացնելով միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային օլիմպիադան, լավագույն ՏՏ մենեջերների մրցույթը, ArmTech կոնգրեսը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի մրցանակի հանձնումն աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվ Վոզնյակին:

Իր հերթին Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունը հովանավորել է Digitec ցուցահանդեսը, ԱրմՌոբոտիքս ռոբոտների առաջնությունը, ինչպես նաեւ Մեդիամաքս-ի հետ իրականցված Yerevan Web Meetings նախագիծը: