15:45 | 21.10.11 | Նորություններ | 2926

VivaCell-MTS-ի եւ Orange-ի բաժանորդները 6428 կարճ համարին կարող են հարցեր ուղղել` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերյալ

Երեւան/Մեդիամաքս/. VivaCell-MTS եւ Orange բջջային օպերատորները Հայկական Կարմիր խաչի եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված քայլեր են ձեռնարկում:

Հոկտեմբերի 21-ից VivaCell-MTS եւ Orange բջջային օպերատորների բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցն անանուն ուղղել 6428 կարճ համարին (1 SMS-ի արժեքն է 0 դրամ) եւ 24 ժամվա ընթացքում ստանալ ճշգրիտ ու հակիրճ պատասխան:

1988թ. մինչեւ 2011թ օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ:

«Հույս ունենք, որ այս նոր նախաձեռնությունը կօգնի կանխել անիրազեկությունը և փոխել մարդկանց կենսակերպը: Եկեք պատասխանատու լինենք. սա այսօր երիտասարդությանն ուղղված մեր կոչն է: Կյանքը չափազանց թանկ պարգև է` այն վտանգելու համար: Կուզենայի նաև կոչ անել հայաստանյան մասնավոր հատվածի ներկայացուցիչներին միանալու մեր նախաձեռնությանը: Եթե բջջային երկու օպերատոր միավորվում են պայքարելու այս չարիքի դեմ, ինչու՞ այլ ոլորտների ընկերություններ էլ չեն կարող անել նույնը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք աջակցում ենք այս ծրագրին հանրային օգուտի համար՝ պայքարելու այն հիվանդության դեմ, որը Հայաստանում էլ կա։ Բացի դրանից մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության հիմքում ընկած է մեր տեխնոլոգիաները հանրային օգուտի համար օգտագործելու գաղափարը», - ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: