13:21 | 21.10.11 | Նորություններ | 3224

ԱրմենՏելը Hi-Line-ի բաժանորդներին ստատիկ IP-հասցե է առաջարկում

Երեւան/Մեդիամաքս/.“ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) գործարկել է «Ստատիկ IP-հասցե» ծառայությունը, որը նախատեսված է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների (բացառությամբ “Մեգա+”-ի) բաժանորդ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:

«Ստատիկ IP-հասցե» ծառայությունն ապահովում է համակարգչի մշտական էլեկտրոնային հասցե, որը չի փոխվում համակարգի վերաբեռնավորման կամ ինտերնետին վերամիացման դեպքում: Այն կտրամադրվի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներին գրավոր դիմումի հիման վրա, հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:

«Ծառայությունը հատկապես հարմար է այն բաժանորդներին, ում անհրաժեշտ է առանց դժվարության ապահովել իրենց համակարգչի հեռահար հասանելիությունը, կիրառել  մասնագիտացված ծառայություններ կամ խաղեր, որոնք պահանջում են ստատիկ IP-հասցեներ: Այն հնարավորություն կընձեռի մեր բաժանորդներին առավելագույն արդյունավետությամբ եւ հարմարավետությամբ օգտվել Ինտերնետից տանը կամ աշխատանքի վայրում», - նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսեկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: Բաժանորդային վարձ չի գանձվում իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներից, որոնք օգտվում են 1024 կբիթ/վ եւ ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթներից:

Ստատիկ IP-հասցեն համակարգչի ունիվերսալ մշտական IP-հասցե է, որը չի փոխվում կապի յուրաքանչյուր նոր սեանսի ժամանակ: Ստատիկ IP-հասցեն թույլ է տալիս բաժանորդին կազմակերպել համակարգչային տարբեր ծառայություններ, մասնավորապես, տեղեկատվության ուղիղ հասցեագրում հատկացված ստատիկ IP-հասցեին, վիրտուալ WEB-սերվերների կազմակերպում տնային կամ գրասենյակային համակարգչում առանց դոմեյնների օգտագործման եւ գրանցման, Ինտերնետի միջոցով հեռահար մուտքի հնարավորությամբ կորպորատիվ ցանցերի կազմակերպում եւ այլն: