17:21 | 05.10.11 | Նորություններ | 3109
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ն (ապրանքանիշը Beeline) այսօր պարգեւատրել է “Հեքիաթների աշխարհում” մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողներին:
Ցուցահանդեսին ներկայացված 243 նկարներից 38 աշխատանքի հեղինակները նվերներ են ստացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ “ԱրմենՏել” ընկերության կողմից:
Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին ներկայացվել էր շուրջ 1000 աշխատանք աշխարհի 18 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ), Արցախից եւ Հայաստանից:
Մրցույթի առաջին փուլից հետո 243 լավագույն նկարներ ցուցադրվել են Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում:
“Գլոբալիզացիայի դարաշրջանում միայն կրթական համակարգը չի կարող ապահովել երիտասարդ սերնդի արդյունավետ դաստիարակությունը: Այն բազմակողմանի եւ բարդ գործընթաց է եւ այստեղ չափազանց կարեւոր է տարբեր կառույցների ներգրավվածությունը: “ԱրմենՏել” ընկերությունը հովանավորում է բազմաթիվ կրթական ծրագրեր, եւ այս մրցույթ-փառատոնը նման համագործակցության վառ օրինակ է: Այն հետապնդում է մեկ ընդհանուր նպատակ` կրթել արժանի սերունդ, որն էլ հետագայում կդառնա պայծառ ապագա կերտելու գրավականն ու երաշխիքը”, - նշել է “ԱրմենՏել” ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: