14:06 | 05.10.11 | Նորություններ | 3584

ԴիջիԹեք ցուցահանդեսում կկայանա “տեխնոլոգիաների շքերթ”

Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 7-9-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասել է, որ այս տարի ԴիջիԹեք-ին մասնակցության հայտ են ներկայացրել “ռեկորդային թվով” կազմակերպություններ:

“Նախորդ տարվա համեմատ մոտ 70%-ի չափով ավելի կազմակերպություններ են մասնակցելու եւ սպասվում է, որ այցելուների թիվը եւս կլինի ռեկորդային`18-20 հազար: ԴիջիԹեքը տեխնոլոգիաների իսկական շքերթ է եւ տոն տեխնոլոգիաներով հետաքրքրված հանրության համար”, - ասել է Կարեն Վարդանյանը:

Մասնակցության հայտ են ներկայացրել 115 կազմակերպություններ, որոնցից 4-ը ԼՂՀ-ից: Եւս 4-ը Հայաստանում ներկայացուցչություն չունեցող արտասահմանյան կազմակերպություններ` Սինգապուրից, Ռուսաստանից, Լեհաստանից եւ Թայվանից:

Ցուցահանդեսին կից ներկայացվելու են հետեւյալ միջոցառումները.

- The World of Engineering`ընդհանուր տաղավարով հանդես կգան 30 տեղական եւ միջազգային ճարտարագիտական ընկերություններ;
- ՏՏ ոլորտի աշխատանքի տոնավաճառ;
- DigiTec Startup`12 նորաստեղծ ընկերություններ կներկայացնեն իրենց նորարարական լուծումները;
- ArmRobotics;
- Open Game Contest ցուցադրություններ;
- DigiLife սեմինարների շարք:

ԴիջիԹեք ցուցահանդեսի պլատինե հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

“Պլատինե հովանավորությունը ամենաբարձր հովանավորության տեսակն է, որի շնորհիվ հնարավոր եղավ մատչելի պահել կազմակերպությունների մասնակցության գինը”, - ասել է Կարեն Վարդանյանը:

“Մենք հավատում ենք ԴիջիԹեքին, քանի որ վերջինս կոչ է անում վստահել սեփական ուժերին, հնարավորություն է տալիս նորաստեղծ ընկերություններին տեխնոլոգիաների միջոցով մասնակցել տնտեսական գործունեությանը”,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: