11:01 | 05.10.11 | Նորություններ | 4229
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ այսուհետ Հայաստանի բջջային կապի երեք օպերատորները եռամսյակային կտրվածքով իրենց կայքերում հրապարակում են շարժական կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները, ինչի շնորհիվ հնարավոր է համեմատել եւ վերլուծել օպերատորների բջջային բիզնեսի արդյունքները:
Գործառնական եկամտով 2011թ. երկրորդ եռամսյակում առաջատարն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը (18 մլրդ 697 մլն 223 հազ. դրամ), Արմենտել-ի գործառնական եկամուտը կազմել է 17 մլրդ 490 մլն 335 հազ. դրամ, իսկ Օրանժ Արմենիա-ինը՝ 3 մլրդ 521 մլն 910 հազ. դրամ:
2011 թվականի II եռամսյակում Արմենտել-ի բջջային բիզնեսից ստացված գործառնական հասույթը կազմել 7 մլրդ. 404.3 մլն դրամ, ֆիքսված հեռախոսակապից՝ 10,08 մլրդ դրամ, իսկ ինտերնետ-ծառայություններից (բացի Hi Line-ինտերնետի ծառայություններից) ստացված հասույթը՝ 298 մլն 597 հազ. դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային բիզնեսից ստացված գործառնական հասույթը կազմել է 11 մլրդ. 147.3 մլն դրամ, իսկ ինտերնետ-ծառայություններից ստացված հասույթը՝ 1 մլրդ 356,9 մլն դրամ:
Ուշագրավ է, որ մի քանի անգամ զիջելով մրցակիցներին բջջային բիզնեսից ստացված գործառնական հասույթով (1 մլրդ. 132.4 մլն դրամ), Օրանժ-ը 3G տեխնոլոգիայով ինտերնետ-ծառայություններից ստացված հասույթով երկրորդ եռամսյակում առաջատարն է (1 մլրդ 408,3 մլն դրամ):
Գործառնական ծախսերով ԱրմենՏելն առաջատարն է (10,77 մլրդ դրամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ 8,56 մլրդ, Օրանժ Արմենիան՝ 4,88 մլրդ), սակայն կապիտալ ներդրումների չափով զիջում է մրցակիցներին. Արմենտելի կապիտալ ծախսերը II եռամսյակում կազմել 2,3 մլրդ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 5,58 մլրդի եւ Օրանժ Արմենիա-ի 2.78 մլրդ-ի դիմաց:
OIBDA ցուցանիշով (գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը) II եռամսյակում առաջատարն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը (10 մլրդ 136,3 մլն. դրամ), Արմենտել-ի OIBDA-ն հաշվետու ժամանակահատվածում 6 մլրդ 715,4 մլն. դրամ է, իսկ Օրանժ Արմենիա-ի այս ցուցանիշը դեռեւս բացասական է (հաշվի առնելով այն, որ ընկերությունը դեռ չի վերադարձրել արված ներդրումները) եւ կազմել է 3 մլրդ 131,4 մլն. դրամ:
Բջջային կապի ակտիվ բաժանորդների թվով ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է մնալ վստահ առաջատարը (հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2 020 266՝ Արմենտել-ի 732 636 եւ Օրանժ-ի 606 348-ի դիմաց), իսկ 3G ինտերնետի բաժանորդների թվով առաջատարն է Օրանժ-ը (65 358 բաժանորդ); ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ինտերնետի բաժանորդների թիվը հունիսի 30-ի դրությամբ 45 265 է, Արմենտել-ի մոտ՝ 18 127:
Բջջային կապի մեկ բաժանորդից Արմենտել-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) 2011 թվականի II եռամսյակում ամենամեծն է եւ կազմել է 2318 դրամ կանխավճարային բաժանորդներից եւ 5640 դրամ՝ հետվճարային բաժանորդներից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտ այս ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 1780 եւ 4988 դրամ, իսկ Օրանժ-ի մոտ՝ համապատասխանաբար 1154 եւ 3107 դրամ:
Արմենտել-ի համեմատաբար բարձր ARPU ցուցանիշը բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ այդ ընկերության մոտ ամենաբարձրն է միավորի գինը, ներառյալ փոխկապակցումը եւ մուտքային ռոումինգը (APPM ցուցանիշ): APPM ցուցանիշը Արմենտել-ի կանխավճարային բաժանորդների համար կազմել է երկրորդ եռամսյակում 9.42 դրամ/րոպե, իսկ հետվճարային բաժանորդների մոտ՝ 18.74 դրամ/րոպե: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտ այս ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 4,89 դրամ/րոպե, եւ 9,49 դրամ/րոպե, իսկ Օրանժ-ի մոտ՝ 8 դրամ/րոպե եւ 14 դրամ/րոպե:
Ապրիլ-հունիսին բջջային ցանցում նոր միացումների թվով առաջատարն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը (176 192; Օրանժ-ի եւ Արմենտել-ի մոտ այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 129 876 եւ 73 315), իսկ 3G ինտերնետի նոր միացումներով՝ Օրանժը (11 840): Արմենտել-ի ինտերնետ կապի նոր պայմանագրերի քանակը (բացի Hi-Line ծառայությունից) կազմել է երկրորդ եռամսյակում 7 908, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտ՝ 7 177 է:
II եռամսյակում գովազդի վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Օրանժը գովազդի վրա ծախսել են համապատասխանաբար 903 մլն 718 հազ. եւ 838 մլն 783 հազ. Դրամ, իսկ Արմենտել-ը` 327 մլն 301 հազ. դրամ: