13:28 | 30.09.11 | Նորություններ | 1875
Երեւան/Մեդիամաքս/.Այսօր Երեւանում հայաստանյան բանկերի եւ հեռահաղորդակցական ընկերությունների ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել են կազմակերպությունների արդյունավետության, ռիսկերի, բյուջետավորման եւ բիզնես վերլուծության կառավարման համար նախատեսված՝ IBM-ի ծրագրային ապահովման գործիքները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, սեմինարի ընթացքում Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում IBM-ի գործընկերային ցանցի մենեջեր Նատալյա Բուլկինան ներկայացրել է բիզնես-վերլուծության համար նախատեսված IBM-ի պորտֆոլիոյի հնարավորություններն ու առավելությունները, որոնցից են Cognos, Open Pages եւ SPSS ծրագրերը:
Նրա խոսքերով, IBM-ի ծրագրային լուծումները մշակված են` հաշվի առնելով տարբեր երկրներում գործող տարբեր չափի եւ ոլորտի ընկերությունների ֆինանսական տնօրենների պահանջների լայնածավալ ուսումնասիրությունները:
Սեմինարի ընթացքում Նատալյա Բուլկինան ներկայացրել է մի շարք գործնական օրինակներ IBM Cognos լուծումները ձեռնարկություններում կիրառելու վերաբերյալ:
IBM-ի մասնագետների հետ համատեղ երկօրյա սեմինարը կազմակերպվել է հայաստանյան “Բեւեռ” ընկերության կողմից, որը միաժամանակ հանդես է գալիս որպես IBM-ի տեղական գործընկեր: Առաջին սեմինարը անցկացվել է սեպտեմբերի 29-ին եւ նվիրված է եղել ՏՏ ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման հարցերին, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովմանը IBM®Tivoli արտադրանքների հարթակի հիման վրա: