Գեորգի Չալտիկյան
11:36 | 16.08.11 | Հարցազրույցներ | exclusive 7792
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-16-ը Երեւանում կանցկացվի "ARMTELEMED – ճանապարհ դեպի ապագա” խորագրով հեռաբժշկությանը և էլեկտրոնային առողջապահությանը նվիրված առաջին հայկական միջազգային կոնգրեսը: Միջոցառումն անցկացվելու է Հեռաբժշկության եւ էլեկտրոնային առողջապահության միջազգային ընկերության (International Society for Telemedicine and eHealth - ISfTeH) եւ Հեռաբժշկության ամերիկյան ասոցիացիայի (American Telemedicine Association – ATA) հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են Տելեբժշկության հայկական ասոցիացիան (ՏԲՀԱ), Հայ-ռուսական համալսարանը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Կայանալիք միջոցառման եւ Հայաստանում հեռաբժշկության ներկա իրավիճակի մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել է Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը
- Որո՞նք են Տելեբժշկության հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ, Armenian
Association of Telemedicine - AATM) հիմնական գործառույթները եւ
Հայաստանում հեռաբժշկության ո՞ր ոլորտների զարգացումն է թիրախավորում ՏԲՀԱ
-ն:
- ՏԲՀԱ -ն հասարակական կազմակերպություն է, որը
ստեղծվել է 2008թ-ին` ունենալով նպատակ Հայաստանում զարգացնել
հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության դաշտը (Health ICT),
ապահովել առողջապահության ոլորտում տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների
կիրառման զարգացումը:
Հեռաբժշկությունը բավականին լայն ոլորտ է,
սակայն նրա կիրառման հիմնական ուղղությունը հեռավորության վրա տրամադրվող
կլինիկական ծառայություններն են, երբ բժիշկը եւ հիվանդը կամ երկու բժիշկներ
գտնվում են իրարից մեծ հեռավորության վրա:
Այսօր աշխարհում կան
հեռաբժշկության բազմաթիվ գործող ծրագրեր եւ ցանցեր: Նեղ մասնագիտական
ծառայությունները սովորաբար կենտրոնացված են լինում մեգապոլիսներում, եւ
հեռավոր շրջանների բնակիչները հաճախ կարիք ունեն մասնագետի, որը գտնվում է
շատ մեծ հեռավորության վրա: Հեռաբժշկությունը լուծում է այս հարցը:
Հեռաբժշկության
եւ էլեկտրոնային առողջապահության գործիքները կարեւորագույն նշանակություն
ունեն բժիշկների մասնագիտական աճի համար: Պատկերացնենք, որ լայն պրոֆիլի
որեւէ բժիշկ աշխատում է Հայաստանի հեռավոր շրջանում եւ, ունենալով այս
հնարավորությունը, կարողանում է խորհրդակցել նեղ մասնագիտացած մեկ այլ
բժշկի հետ, որը կարող է խորհրդատվություն տրամադրել, թե ինչպես բուժել
հիվանդին:
- Ինչպե՞ս է այսօր տեղի ունենում հեռահար եղանակով
բժիշկ-հիվանդ շփումը: Որքանո՞վ է այն կարող փոխարինել դասական կլինիկական
ծառայությանը:
- Այսօր գնալով ավելի ու ավելի շատ
առողջապահական ծառայություններ սկսում են լայնորեն կիրառել ինտերնետը և
համակարգչային, կամ թվային այլ տեխնոլոգիաներ: Բերեմ մի օրինակ.
էլեկտրոնային կարդիոգրամն այսօր կարելի է ստանալ հատուկ սարքի միջոցով
տնային պայմաններում եւ ուղարկել տվյալները էլեկտրոնային ձևով, ինտերնետի
միջոցով բժիշկին: Վերջինս, լինելով ցանկացած տեղ, կարող է նայել այն,
օրինակ, իր սմարթֆոնով, այնուհետեւ տալ հիվանդին անհրաժեշտ
խորհրդատվությունը: Ի դեպ, քանի որ խոսքը գնաց սմարթֆոնների մասին, նշեմ,
որ ներկայումս հեռաբժշկությունն ավելի ու ավելի շատ անցում է կատարում
շարժական սարքերի վրա:
- Հեռո՞ւ է այն օրը, երբ հեռաբժշկությունը կընդգրկի իր մեջ վիրահատությունները:
-
Վիրաբուժությունն այս առումով ամենապահպանողական ոլորտն է: Եթե շատ ոչ
վիրաբուժական ծառայություններ, օրինակ՝ թերապեւտիկ կամ ախտորոշման
ծառայությունները, կարելի է հեշտությամբ անել հեռահար ռեժիմում, ապա
վիրահատական միջամտության պարագայում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ:
Այնուամենայնիվ, նույնիսկ այս ոլորտում արդեն արվել են առաջին քայլերը:
Խոսքը,
թերեւս, գնում է վիրաբուժական ռոբոտների միջոցով արվող վիրահատությունների
մասին, երբ բժիշկը հատուկ «ջոյսթիքներով» կառավարում է ռոբոտին, որի
«ձեռքերում» գտնվում են վիրաբուժական գործիքները: Նման ռոբոտները լայնորեն
կիրառվում են զարգացած երկրներում. կան երկրներ, որտեղ ռոբոտիկ
վիրահատությունները դարձել են ստանդարտ մի շարք հիվանդությունների ժամանակ,
օրինակ՝ շագանակագեղձի հեռացման վիրահատությունները:
Վիրաբույժն այս
դեպքերում, չնայած գտնվում է նույն վիրահատարանում, սակայն առանձնացված է
հիվանդից եւ աշխատում է իր «ջոյսթիքներով»: Նույն հաջողությամբ նա կարող էր
նստել 1000-ավոր կիլոմետրեր հեռու եւ գերարագ ինտերնետ կապի միջոցով
կառավարել ռոբոտին, ինչպես օրինակ 2001 թ. Ֆրանսիացի վիրաբույժ Ժ.
Մարեսկոն, գտնվելով Նյու-Յորքու, վիրահատեց Ստրասբուրգում գտնվող հիվանդին:
Սակայն նման դեպքերն այսօր դեռ գտնվում են փորձարարական դաշտում:
-
Հայաստանի պատմության մեջ հեռաբժշկության կիրառման ամենաակնառու դեպքը
1988-ի երկրաշարժն էր, երբ ամերիկյան մասնագետները ուղղորդում էին հայ
բժիշկներին: Ըստ այդմ` կարելի է փաստել հայ մասնագետների մոտ հետաքրքիր
փորձի առկայության մասին: Որքանո՞վ է այն կիրառվում այսօր:
-
Իրոք, Հայաստանն ունեցավ այդ հիանալի փորձը բավականին շուտ, երբ այդ
տեխնոլոգիաները ամբողջ աշխարհում դեռ նոր էին սկսում զարգանալ: Եվ, իհարկե,
ինչպես հաճախ լինում է, այդ փորձը ձեռք է բերվել ողբերգական հանգամանքների
պայմաններում: Պետք է ընդգծել, որ հեռաբժշկության կարեւորությունը
ընդգծվում է հենց աղետների ժամանակ:
Երկրաշարժին հաջորդող
տարիներին այս ոլորտը Հայաստանում չէր զարգանում հասկանալի պատճառներով:
Մեր ասոցիացիայի ստեղծման հիմնական նախադրյալներից մեկը Հայաստանում վերջին
10 տարիների ընթացքում ՏՏ եւ կապի ոլորտների բուռն զարգացումն էր:
Այսօր
Հայաստանում դեռ վաղ է խոսել հեռաբժշկության կանոնավոր զարգացման մասին:
Կան մի շարք էնտուզիաստների կողմից իրականացվող եզակի ծրագրեր: Կան մի շարք
հիվանդանոցներ, որտեղ առկա են տեսակոնֆեռանսի ապահովման համար անհրաժեշտ
սարքավորումներ, գործընկերներ դրսում, որոնք ժամանակ առ ժամանակ
խորհրդատվություն են տրամադրում բժիշկներին եւ բուժվողներին: Այս բոլորը,
սակայն, եզակի օրինակներ են: Համատարած եւ կանոնավոր գործող հեռաբժշկության
ծառայություններ եւ էլեկտրոնային առողջապահության ծառայություններ մենք
դեռ չունենք:
- Իսկ ի՞նչ է անում ՏԲՀԱ-ն՝ Հայաստանում հեռաբժշկության համակարգային զարգացումն ապահովելու համար:
-
Մենք փորձում ենք ակտիվացնել Հայաստանում հեռաբժշկության կիրառումը:
Ասոցիացիան արդեն արել է Հայաստանում ժամանակակից հեռաբժշկության փորձեր:
Առաջին փորձնական ծրագիրն արեցինք 2010թ-ին USAID-ի ֆինանսավորմամբ: Ծրագրի
շրջանակներում երեւանյան առաջատար մասնագետները կլինիկական
խորհրդատվություն էին տրամադրում Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ամբուլատորիա
եկած հիվանդներին: Այս նախաձեռնությանը հաջորդեցին եւս մի քանիսը:
Մեր
տեսլականն է ստեղծել այնպիսի ցանց, որ Հայաստանի բոլոր հիվանդանոցները եւ
կլինիկաները կապվեն իրար եւ գյուղական ամբուլատորիաների հետ, որոնց միջոցով
հիվանդներն ամբողջ Հայաստանում հնարավորություն կունենան կապնվել նեղ
մասնագետներին եւ ստանալ մասնագիտական խորհրդատվություն:
Ունենք
եւս մեկ նպատակ՝ ստեղծել էլեկտրոնային առողջապահության պորտալ, որը
հասանելի կլինի թե բժիշկների, թե հիվանդների համար: Համոզված եմ՝ մոտակա
տարիներին մենք տեսնելու ենք լուրջ առաջընթաց այս ուղղությամբ:
Մեր
ասոցիացիան այսօր հանդիսանում է Հեռաբժշկության եւ էլեկտրոնային
առողջապահության միջազգային ընկերության ազգային անդամ, այսինքն՝
ներկայացնում է Հայաստանի հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության
դաշտը այդ գլոբալ կառույցում: Ի դեպ, հարկ է նշել նաև, որ օգտագործելով իր
լայն միջազգային կապերը, ՏԲՀԱ-ն այսօր արդեն տրամադրում է թե՝ իր
անդամ-բժիշկներին, թե՝ դիմող հիվանդներին նաև արտերկրի առաջատար
մասնագետների հետ խորհրդակցելու հնարավորությունը:
- Անդրադառնանք կոնգրեսին: Ովքե՞ր են նրան մասնակցելու եւ որոնք են լինելու քննարկումների հիմնական թեմաները:
Հեռաբժշկությանը
և էլեկտրոնային առողջապահությանը նվիրված հայկական միջազգային կոնգրեսը
նման ֆորմատի առաջին միջոցառումն է թե Հայաստանում, թե տարածաշրջանում:
Կոնգրեսի նպատակն է՝ մի տանիքի ներքո հավաքել շահագրգռված անձանց
առողջապահության, ՏՏ, կապի ոլորտներից եւ կառավարությունից, որպեսզի
ակտիվացնել Հայաստանում այս ոլորտի զարգացումը:
Կոնգրեսին
մասնակցելու են ելույթներով արտասահմանյան առաջատար մասնագետներ, որոնք
ունեն հեռաբժշկության զարգացման տասնյակ տարիների փորձ, շատերը ոլորտի
հիմնադիրներն են աշխարհում, անցել են իրենց երկրներում ոլորտի զարգացման եւ
անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ճանապարհով: Ի շնորհիվ ՏԲՀԱ-ի
ակտիվ գործունեությանը և ստեղծված գլոբալ համագործակցությանը, այդ
փորձագետները համաձայնվել են այցելել Հայաստան և կիսվել կոնգրեսի
մասնակիցների հետ իրենց անգնահատելի փորձով: Կոնգրեսին ակնկալվում է ավելի
քան 300 մասնակիցների ներկայություն:
Այն մասին, թե ինչ է
կատարվելու Երեւանում կոնգրեսի 3 օրերի ընթացքում, կիմանան հեռաբժշկության
ոլորտում ներգրավված մասնագետներ ամբողջ աշխարհով մեկ, որոնց համար
Հայաստանը կդառնա ավելի ճանաչելի: Սա նաև լուրջ հնարավորություն է ընձեռում
ոլորտում գործող կամ ոլորտի զարգացմամբ հետաքրքրված հայաստանյան
կազմակերպություններին, ընկերություններին և մասնագետներին իրենց
գործունեությունը ներկայացնել միջազգային հանրությանը: Կարծում ենք,
կոնգրեսը կդառնա Հայաստանում հեռաբժշկության զարգացման կարեւոր խթան. այն
կբերի ոլորտի ակտիվացմանը եւ ներդրումների ներհոսքին: