10:59 | 20.06.11 | Հարցազրույցներ | 6519

Չարլզ ՄքՔեթի Նեւիլ. “Ապագան բաց վեբ-ստանդարտներինն է»

Ինտերնետի դերը մեր կյանքում մշտապես եւ դինամիկ աճում է: Ինչպես աշխատանքի մեջ, այնպես էլ ամենօրյա կյանքում մարդիկ ավելի հաճախ են վստահում ցանցային լուծումներին, իսկ աշխարհում այսօր արտադրվող ծրագրային ապահովման մեծ մասը նախատեսված է առցանց ռեժիմում օգտագործելու համար: Միաժամանակ, ավելի մեծ կարեւորություն են ձեռք բերում վեբ-ստանդարտները, որոնք  գլոբալ ցանցի միավորներին հնարավորություն են տալիս «հասկանալ» իրար եւ փոխգործակցել: Այդպիսի վեբ-ստանդարտի վառ օրինակ է HTML գերտեքստային նշման լեզուն, որը դարձավ վեբ-էջերի ստեղծման ունիվերսալ լեզու:

Opera Software ընկերության ստանդարտների գծով տնօրեն Չարլզ ՄքՔեթի Նեւիլը (Charles McCathieNevile, Chief Standards Officer at Opera) հոգ է տանում, որպեսզի լավագույն վեբ-մշակումները աշխարհին մատչելի լինեն բաց ստանդարտների տեսքով:

Հունիսի 3-4-ին Չարլզն առաջին անգամ այցելել էր Երեւան` BarCamp ոչ պաշտոնական ՏՏ կոնֆերանսին մասնակցելու համար: Մեդիամաքսին եւ Itel.am-ին տված հարցազրույցում նա պատմել է այն մասին, թե ինչպես են ստեղծվում վեբ-ստանդարտները, որքանով են դրանք կարեւոր եւ ինչպիսին կլինի ինտերնետը ապագայում:

- Opera Software-ը, վեբ-բրաուզերների եւ ուղեկցող ծրագրային ապահովման արտադրությունից բացի, ակտիվորեն ներգրավված է նաեւ բաց վեբ-ստանդարտների մշակման եւ առաջխաղացման աշխատանքներում: Պատմեք, ինչպե՞ս է տեղի ունենում նոր ստանդարտի առանձնացումը տեխնոլոգիական նորարարությունների բազմությունից, ինչպիսի՞ ստանդարտներ են այսօր զարգացման ընթացքում եւ ինչպե՞ս դրանք կանդրադառնան օգտագործողների վրա:

- Opera Software-ն իսկապես բաց ստանդարտների ջատագովն է, եւ ես համակարգում եմ այս ուղղությամբ ընկերության ավելի քան 30 աշխատակիցների աշխատանքը: Նախքան ստանդարտների եւ, մասնավորապես, վեբ-ստանդարտների մասին խոսելը, եկեք նախ առանձնացնենք նոր տեխնոլոգիաների ստեղծումը դրանք ստանդարտների վերածելուց: Պատկերացնենք, որ Opera-ի կամ որեւէ այլ ընկերության, կամ, ասենք, խելացի տղաների խմբի մոտ միտք է ծագում, որը մարմնավորվել նոր տեխնոլոգիայում: Եթե այն արժանի է ստանդարտ դառնալու, ապա սկսվում է նրա առաջխաղացման գործընթացը: Ստանդարտը մի բան է, որից օգտվում են բոլորը, իսկ լավ ստանդարտը` մի բան, որը կյանքն ավելի լավ է դարձնում:

Ինտերնետի տեխնոլոգիական ստանդարտները մշակում եւ ներդնում է Համաշխարհային ցանցի կոնսորցիումը (անգլ. World Wide Web Consortium, W3C), որտեղ ես գլխավորում եմ բազմահարթակային ծրագրերի կոմիտեն (բազմահարթակային ծրագրային ապահովումը (անգլ. cross-platform or multi-platform software) այնպիսի ծրագրային ապահովում է, որը աշխատում է ավելի քան մեկ ապարատային հարթակի եւ/կամ օպերացիոն համակարգի վրա):

Առավել կարեւոր ստանդարտը, որի վրա ներկայումս աշխատում է կոնսորցիումը` HTML գերտեքստային նշման լեզվի հինգերորդ տարբերակն է` HTML 5-ը: Դեռ հայտնի չէ, երբ այն կավարտվի, որպես ուղենիշային նշվում են 2014-2015 թվականները, չնայած գործի մեծ մասն արդեն ավարտված է: Նախատեսվում է, որ լեզվի առանձին մասերը կկիրառվեն բրաուզերներում մինչեւ HTML5-ը պաշտոնապես կստանա W3C-ի առաջարկի, այսինքն` ստանդարտի կարգավիճակ:

Ստանդարտների մեկ այլ կարեւոր համալիրը, որի վրա աշխատում է կոնսորցիումը, վերաբերում է ոճերի կասկադային աղյուսակներին (անգլ. Cascading style sheets, CSS3 նշումների լեզվով գրված փաստաթղթի արտաքին տեսքի նկարագրման պաշտոնական լեզու), որոնք պատասխանատու են վեբ-էջերի արտաքին տեսքի համար: Այստեղ գլխավոր նպատակը` հեշտացնել ինտերնետից օգտվելը, ամեն ինչ դարձնել ավելի պարզ եւ հասկանալի:

Բացի այդ, W3C-ը մշտապես «արտադրում է» բազմաթիվ փոքր ծրագրային API (application programming interfaces) գործիքներ, ինչն ընդլայնում է Համացանցից օգտվելու հնարավորությունները: Որպես API օրինակ կարող եմ բերել վեբ-տեսախցիկի կամ հեռախոսների տեսախցիկի կիրառումը, որպես ծրագրի մաս, գեոլոկացիան, ծրագրի ինտեգրումը հասցեագրքի, սոցիալական ցանցերի կոնտակտների հետ եւ այլն:

- Ինչպես հայտնի է, շարքային օգտվողի վրա HTML5-ի գործադրումը  կանդրադառնա այն առումով, որ նրան այլեւս պետք չի լինի հատուկ պլագիններ տեղադրել Համացանցում  տեսանյութեր եւ անիմացիաներ դիտելու, ինչպես նաեւ աուդիոֆայլեր լսելու համար: Այդ դեպքում ի՞նչ է սպասվում այնպիսի պրոպրիետար (սեփականատիրական) տեխնոլոգիաներին, ինչպիսիք են Flash-ը եւ Silverlight-ը:

- Իսկապես, Flash-ը եւ Silverlight-ը պրոպրիետար տեխնոլոգիաներ են, բայց գործողությունները, որոնք մինչ այժմ կարելի էր կատարել միայն Flash-ի կամ Silverlight-ի օգնությամբ, քայլ առ քայլ դառնում են բաց ստանդարտներ: Իսկ դա նշանակում է, որ, ասենք, անիմացիայի ստեղծումն ու դիտումը հնարավոր է դառնում առանց Flash-ի օգնության: Այսպիսով, նոր ծրագրավորողները սկսում են նրանից, որ սովորում են առկա ստանդարտները, իսկ նրանք, ովքեր սկսել են, ասենք, 10 տարի առաջ, կնախընտրեն աշխատել Flash-ով: Հենց պահանջարկի առկայությունն է շուկայում պահում այնպիսի պրոպրիետար տեխնոլոգիաներ, ինչպիսին է Flash-ը, սակայն հեռանկարում դրանց փոխարինումը բաց ստանդարտներով անխուսափելի է, առնվազն այնտեղ, որտեղ դա հնարավոր է:

- Դուք կոնկրետ օրինակի վրա ցույց տվեցիք, թե ինչպես մասնավոր փակ մշակումը, որը եկամուտ է բերում իր հեղինակին, այնուհետեւ փոխարինվում է ընդհանուր գործածության համար բաց տեխնոլոգիայով: Արդյո՞ք դա նշանակում է, որ ազատ ծրագրային ապահովումը միշտ լինելու է հետապնդողի դերում պրոպրիետարի նկատմամբ, իսկ վերջինս չի կարողանա հավերժ եկամուտ բերել իր հեղինակին:

 - Սկզբում ամեն ինչ փակ է, նույնիսկ եթե դա բաց ծրագրային ապահովում է եւ հրապարակավ է ստեղծվել, քանի որ ստանդարտը, որպես այդպիսին, ստանդարտ չէ այնքան ժամանակ, մինչեւ բոլորը չսկսեն օգտագործել այն: Իսկ դա նշանակում է, որ ինչպես հիմա, այնպես էլ միշտ գրեթե բոլոր տեխնոլոգիաները սկզբից պրոպրիետար են լինելու: Թե որքան դրանք հսկողության տակ կմնան` դրանց հեղինակների գործն է: Մի բան ստեղծվում է ստանդարտ դառնալու համար, մեկ ուրիշ բան` որպես ընկերության երկարաժամկետ սեփականություն:

Փակ տեխնոլոգիաները եւ ստանդարտները կարելի է ասոցացնել էզոպոսյան “Նապաստակը եւ կրիան” առակի հետ: Ստանդարտները կրիան է, դրանք դանդաղ են առաջ շարժվում, իսկ տեխնոլոգիաները` նապաստակը, սկզբում փորձարկվում են փակ ռեժիմում եւ կարող են լինել շատ կարեւոր ու եկամտաբեր մի բան: Իսկ եթե մի բան իրենից կարեւոր բան է ներկայացնում, մարդիկ սկսում են մտածել այն ստանդարտ դարձնելու մասին եւ, այսպիսով, կախում չունենալ դրա սեփականատիրոջից:

Բերեմ վառ օրինակ. ենթադրենք, Հայաստանի ազգային գրադարանն ուզում է իր բոլոր գրքերը համապատասխանեցնել iPad-ի ծրագրային ձեւաչափին, որպեսզի դրանք մատչելի դառնան պլանշետների վրա ընթերցելու համար: Հայաստանի համար դա նշանակում է ազգային հարստության պահպանում թվային եւ մատչելի տեսքով: Ընդ որում, դուք պետք է վստահ լինեք, որ Apple-ն ապագայում կշարունակի այդ համակարգիչների արտադրությունը, սակայն Apple-ին շատ քիչ է հետաքրքրում Հայաստանի Ազգային գրադարանը: Այսպիսով, վստահ լինելու համար, որ 20 տարի հետո, երբ Apple-ը , ենթադրենք, կդադարի գոյություն ունենալ (դրան, իհարկե, հիմա դժվար է հավատալ, բայց չէ որ ամեն ինչ հնարավոր է) ձեր աշխատանքը չի կորի, ավելի լավ է աշխատել բաց ստանդարտների հետ: Այդպես դուք կարող եք վստահ լինել, որ նույնիսկ եթե Apple-ը կամ Google-ը փակվեն, կգտնվեն ընկերություններ, որոնք աշխատում են նույն ստանդարտներով:

- Պատմությանը հայտնի՞ են դեպքեր, երբ պրոպրիետար տեխնոլոգիաների սեփականատեր ընկերությունների փակումը ուրիշների մոտ խնդիրներ է առաջացրել:

- Իհարկե, եւ դրանցից ամենահայտնին Netscape ընկերության հետ պատահած դեպքն է: 90-ականներին այդ ընկերության պրոպրիետար տեխնոլոգիաների վրա պահպանվում էր մի ամբողջ դոթքոմ տնտեսություն, որն օդի մեջ մնաց այն բանից հետո, երբ Netscape-ը դադարեց գոյություն ունենալ: Այդ ընկերությունների բիզնես մոդելները փլուզվեցին: Իսկ այն ձեռնարկությունները, որոնք աշխատում էին Netscape-ի կողմից ընդունված ստանդարտներով, պարզապես անցան Opera-ին, Safari-ին եւ Firefox-ին, եւ ոչ մի խնդիր չառաջացավ: Այսպիսով, երկարաժամկետ հեռանկարում վեբ- ստանդարտները գրեթե միշտ շահում են:

Այսօր ավելի շատ ընկերություններ ի սկզբանե մտածում են իրենց գործում բաց վեբ- ստանդարտներին վստահելու մասին, քանի որ երկարաժամկետ հեռանկարում միայն մեկ արտադրողին վստահելը մեծ ռիսկի հետ է կապված:

- Դուք ապագա ինտերնետի հեղինակներից մեկն եք: Ի՞նչ սպասենք Համացանցից, ասենք, 15-20 տարի հետո:

- Սկսենք նրանից, որ արդեն մի քանի տարի հետո կհայտնվեն 3D բրաուզերներ: Բրաուզերի հետ շփվելու ավելի շատ ուղիներ կլինեն, աշխատանքը դառնում է ավելի ինտուիտիվ, ավելի շատ ժեստերի վրա հիմնված: Վեբը կդառնա ավելի մեծ տեղեկատվական ծավալի շտեմարան: Բջջային հեռախոսը, որը կլինի կենտրոնական վեբ-հարթակներից մեկը, կդառնա հեռուստացույցի, օդափոխիչի, լվացքի մեքենայի, մինչեւ իսկ ավտոմեքենայի հեռակառավարման ունիվերսալ սարք: Ինտերնետի միջոցով կսկսվի տեղեկատվության ակտիվ փոխանակում մարդկանց եւ նրանց սարքերի միջեւ: Սարերի հետեւում չէ այն օրը, երբ ավտոմեքենան ինտերնետի օգնությամբ սկսելու է ինքը գտնել իր տիրոջը (անձամբ ես դրա խիստ կարիքն ունեմ, քանի որ հաճախակի մոռանում եմ, որտեղ եմ կանգնեցրել այն): ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ ուրիշ երկրներում արդեն տարվում են ավտոմեքենաների համար ավտոպիլոտի ստեղծման աշխատանքներ, եւ հենց ինտերնետն է լինելու տրանսպորտային միջոցի ինքնակառավարման միջավայրը:

- Ընդհանուր առմամբ այս ամենը կբերի ռիսկերի աճի՞ն , թե՞ նվազմանը:

- Կարծում եմ, ընդհանուր առմամբ սա կնվազեցնի ռիսկերը, քանի որ ավելի քիչ պատահականություններ կախված կլինեն մարդկային գործոնից: Միաժամանակ, ինչքան ավելի ինֆորմացիա է մտնում ինտերնետ, այնքան մեզ ավելի շատ կմտահոգի դրա անվտանգությունը: Ինֆորմացիայի գաղտնիության ու հրապարակայնության աստիճանը ոչ այնքան տեխնոլոգիաների, որքան կոնկրետ հասարակությունների խնդիր է, որոնցից յուրաքանչյուրը ինքնուրույն է լուծելու այս հարցը: Տեխնոլոգիաները, իրենց հերթին, կշարունակեն հարմարեցվել հասարակության պահանջներին եւ օգտագործման մեջ դառնալ ավելի մատչելի:

Չարլզ ՄքՔեթի Նեւիլի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: