16:06 | 21.07.11 | Նորություններ | 1109

Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը ընդունելությունը կսկսի օգոստոսի 15-ից

Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 15-ից ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը կսկսի 12-18 տարեկան պատանիների ընդունելությունը, իսկ դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրեն Մարի Լու  Փափազյանն ասել է, որ կենտրոնը գործելու է անվճար:

Նա տեղեկացրել է, որ “Թումո”-յի կրթական ծրագրերում ընդգրկվել են 4 ոլորտներ` թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա եւ կայքերի մշակում, եւ կենտրոնը պատրաստ է ուսուցանել մոտ 10.000 երեխայի:

«Երեխաների նախնական ուսուցումը կտեւի 1-2 տարի, իսկ առավել շահագրգռված երեխաները կշարունակեն աշխատել հետաքրքիր նախագծերի շուրջ կենտրոնի երկրորդ հարկի հատուկ առանձնասենյակներում”,-ասել է հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ սովորողների համար պարբերաբար կազմակերպվելու են գործնական պարապմունքներ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

“Թումո” հիմնադրամի մամուլի համակարգող Սեդա Պապոյանն էլ ասել է, որ կենտրոն ընդունվելու են բոլոր դիմող երեխաները` անկախ համակարգչին տիրապետելու մակարդակից:

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ ներդրումների ծավալի վերաբերյալ, Մարի Լու Փափազյանն ասել է, որ կենտրոնի ստեղծման համար «Սիմոնյան հիմնադրամը» տրամադրել է $43,5 մլն, $6,6 մլն գումարը Թումո կենտրոնի` կառավարության կողմից հաստատված բյուջեն է, նաեւ առաջիկայում մոտ $1,7 մլն էլ տրամադրվելու է կենտրոնին կից Թումանյանի անվան այգու բարեկարգման աշխատանքների համար:

Կենտրոնի բացման միջոցառումները շարունակվելու են երեք օր. օգոստոսի 12-ին եւ 13-ին Թումոյում կկայանան երիտասարդական միջոցառումներ, ելույթ կունենա “Ռեինկարնացիա” խումբը, իսկ օգոստոսի 14-ին տեղի կունենա հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի մենահամերգը:

Բոլոր միջոցառումների մուտքը կլինի ազատ: