16:18 | 12.07.11 | Նորություններ | 1935

Google-ը մի շարք փոփոխություններ կանի Google+-ում

Երեւան/Մեդիամաքս/. Այս շաբաթ Google ինտերնետ հսկան իր նոր Google+ սոցցանցում մի շարք փոփոխություններ կմտցնի: 

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, դա կարվի օգտատերերի կողմից առաջարկներին եւ քննադատությանն ի պատասխան:

Ինչպես հաղորդում  է Cnews.ru-ն, Google-ի մշակումների գծով փոխտնօրեն Վիկ Գունդոտրան (Vic Gundotra) նշել է, որ ընկերության ներկայացուցիչները մի շարք ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ են ստանում իրենց նոր ծառայության վերաբերյալ:

«Google+-ը շատ ակտիվ քննադատում են: Մենք կարդում ենք բոլոր քննադատությունները եւ աշխատում ենք սխալների վերացման վրա: Այս շաբաթվա ընթացքում կարող եք փոփոխությունների սպասել»,- ասել է Գունդոտրան: 

Ինչպես ենթադրում են վերլուծաբանները, Google+-ում փոփոխություններն առաջին հերթին ծառայությանը միանալու հրավերին կվերաբերեն: Ավելի վաղ հայտնում էին, որ որոշ օգտատերեր անգամ հրավեր ունենալով՝ չեն կարողանում գրանցվել կայքում: Սպասվում է, որ կբարելավվի նաեւ տարբեր իրադարձությունների մասին տեղեկացնող մեծ քանակի ծանուցումների հետ կապված իրավիճակը, որոնք ուղարկվում են օգտատիրոջը ծառայության կողմից:  

Ընդ որում, Google+-ի լսարանը արագ է աճում, չնայած ծառայությունը դեռեւս միան հրավերով է հասանելի: Ինչպես նշել է Microsoft-ի հիմնադիր Փոլ Ալենը (Paul Allen), հուլիսի 10-ի դրությամբ Google+-ում արդեն 7,3 մլն օգտագործող է գրանցվել, իսկ արդեն այսօր սոցցանցի լսարանը պետք է 10 մլն-ի հասներ: