16:43 | 11.07.11 | Նորություններ | 1957

Google-ը հայցել է Google+ օգտագործողների ներողամտությունը

Երեւան/Մեդիամաքս/. Google-ի մշակումների գծով փոխտնօրեն Վիկ Գունդոտրան հայցել է Google+ սոցիալական ցանցի օգտատերերի ներողամտությունը` նամակագրական ծանուցումների համակարգում խափանումների համար:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Next Web-ը, անցած շաբաթ եւ կիրակի օրերին Google+-ի որոշ օգտատերեր էլեկտրոնային փոստի միջոցով տասնյակ միանման հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ սոցցանցի այլ օգտագործողներ իրենց ընկերների ցուցակում են ավելացրել:

Google+-ի իր անձնական էջում Գունդոտրան ներողամտություն է հայցել տուժած օգտատերերից: Նա ասել է, որ դրա պատճառն եղել է Google+-ի ներքին խափանումը:  «Մեզ մոտ ավարտվել է ծանուցումներին հետեւող` ծառայության համար սկավառակային տարածությունը”- ասել է նա, - “այդ իսկ պատճառով էլ համակարգը կրկին եւ կրկին ծանուցումներ էր ուղարկում»:

Գունդոտրան նաեւ հիշեցրել է օգտատերերին, որ Google+-ը դեռեւս թեստային ռեժիմով է աշխատում:  

Google+-ի օգտատերերին ծանուցումներ են գալիս այն դեպքում, երբ իրենց ավելացնում են ընկերների շարքում, ուղարկում են հաղորդագրություններ կամ մեկնաբանություններ: Ծանուցումները կարելի է անջատել “Էջի կարգավորումներ” բաժնում: