15:05 | 11.07.11 | Նորություններ | 4629

Orange-ը հայտարարել է մրցույթ ժամանակակից հայ գրողների համար

Երեւան: Մեդիամաքս: Orange Armenia-ն եւ “Հայ գրքի կենտրոն” հասարակական կազմակերպությունը հայտարարել են “Orange գրքի մրցանակ 2011” ժամանակակից հայ գրողների մրցույթի մեկնարկի մասին:

Ինչպես այսօր Երեւանում տեղեկացրեց “Հայ գրքի կենտրոնի” նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանը, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր այն բնակիչները, ովքեր ստեղծագործում են հայերենով եւ կներկայացնեն նախկինում թղթային տարբերակով չհրատարակված գրական ստեղծագործություն: Մրցույթին կարելի է ներկայացնել գործեր հետեւյալ 4 ժանրերում. պատմվածք/էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ/սցենար:

Մասնակցելու համար պետք է մինչեւ սեպտեմբերի 15-ը ստեղծագործությունը եւ դրա համառոտ բովանդակությունը word կամ pdf ֆորմատով ուղարկել orangebookprize@orangearmenia.am հասցեով:

“Մրցույթի ժյուրին կազմված է ոչ թե պրոֆեսիոնալ գրողներից, այլեւ մարդկանցից, ովքեր սիրում են կարդալ եւ գիտակ են ժամանակակից գրականությանն ու արվեստին: Այս առումով մրցույթը չափազանց յուրահատուկ է, քանի որ դուրս է գալիս մասնագետների եւ գրաքննադատների նեղ շրջանակից եւ մոտենում է ընթերցողին”, - ասել է Մկրտիչ Մաթեւոսյանը:

Ժյուրին մինչեւ հոկտեմբերի 7-ը կընտրի առավելագույնը 4 ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք կհայտարարվեն “Դարձ առ գիրք” գրքարվեստի փառատոնի ժամանակ: Հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:   

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին եւ յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով՝ 500 տպաքանակով:

“Սա մասնագիտական գրական մրցանակ չէ եւ չի հավակնում դառնալ այդպիսին: Orange գրքի մրցանակն ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցողներն առցանց քվեարկությամբ իրենք են ընտրելու հաղթողներին: Դա թույլ կտա մի կողմից հայտնաբերել եւ խրախուսել ժամանակակից հայ շնորհալի գրողներին, մյուս կողմից՝ հանրային ընթերցանությունների, քննարկումների եւ հեղինակների հետ հանդիպումների միջոցով ներգրավել ընթերցողների լայն շրջանակի”, - ասել է Բրունո Դյութուան, հավելելով, որ այս նախաձեռնությամբ Orange-ը պատրաստվում է նշել Երեւանի՝ 2012-ին UNESCO-ի կողմից համաշխարհային գրքի մայրաքաղաքի հռչակումը: