20:25 | 05.06.11 | Հարցազրույցներ | exclusive 3408

Idram. «Էլ. փողերի թողարկման մեկնարկը նախատեսված է այս տարվա ընթացքում»ԿԲ, Idram, հարցազրույց

2010թ. վերջում ՀՀ Կենտրոնական բանկն ընդունեց էլեկտրոնային փողերի թողարկումը կարգավորող կանոնակարգերը եւ ակնկալվում է, որ այս տարի արդեն կհայտնվեն WebMoney եւ Яндекс.Деньги ինտերնետ-վճարամիջոցների հայաստանյան անալոգները: Այս հանգամանքն էլ ավելի հրատապ է դարձնում  Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման խոչընդոտների հաղթահարումը, որոնց մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմեց Idram ինտերնետ-վճարային համակարգի տնօրեն Գայանե Ստեփանյանը:

- 2010-ին ՀՀ Կենտրոնական բանկն (ԿԲ) ընդունեց էլեկտրոնային փողերի թողարկումը կարգավորող կանոնակարգերը: Բավարարվա՞ծ եք արդյոք դրանցով:


- Կանոնակարգերի ընդունումն ինքնին մեծ եւ ողջունելի քայլ է, սակայն կան մի շարք վիճահարույց հարցեր, որոնք ներկայումս քննարկման առարկա են Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի եւ ԿԲ միջեւ:

Էլեկտրոնային փողերի թողարկման լիցենզիայի տրամադրման համար ԿԲ-ն պահանջում է թողարկողից դեպոնացնել 30 մլն դրամ, ինչը մեզ համար անընդունելի է եւ կարող է առհասարակ հարցի տակ դնել Հայաստանում էլեկտրոնային փող թողարկելու շահավետությունը:

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային փող թողարկողները կանխավճարային համակարգեր են, ապա, մեր կարծիքով, թողարկողի պարտավորությունները կատարելու համար գումարը դեպոնացնելու կարիք չկա, քանի որ պարտավորությունների չափով ստացված կանխավճարները անընդհատ առկա են լինելու թողարկողի դրամարկղում եւ բանկային հաշիվներում:

Կարծում ենք, ճիշտ կլինի, որ էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունը «երաշխավորվի» ոչ թե 30 մլն դրամ դեպոնացնելով, այլ իր ընդհանուր կապիտալով, որի չափը կարող է սահմանվել առնվազն նույն 30 մլն դրամի չափով: Այդ դեպքում ընկերությունը կկրի պատասխանատվություն իր ունեցած կապիտալով, եւ ստիպված չի լինի սառեցնել մեր շուկայի համար շատ խոշոր դրամական միջոցներ:

Նշեմ, որ Եվրոպական Հանձնաժողովը էլեկտրոնային փող թողարկողների համար չի սահմանել որեւէ դեպոնացման ենթակա գումար: ԵՄ-ում, որտեղ էլեկտրոնային առեւտրի տարեկան շրջանառությունը հասնում է €10 մլրդ-ի, սահմանված է սկզբնական կապիտալի պահանջ` առնվազն €125 000 (67 մլն դրամ) չափով: Իսկ մեզ մոտ սահմանված է դեպոնացման ենթակա գումար 30 մլն դրամ (€56 հազ.)՝ տարեկան հազիվ մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի հասնող շուկայում: Սա անընդունելի է:

Մյուս կարեւոր հարցը վերաբերում է «էլեկտրոնային դրամապանակների» առավելագույն չափին, որը չի կարող գերազանցել 200 000 դրամին համարժեք գումարը: Սա նշանակում է, որ հաճախորդն իր էլեկտրոնային փողերով, օրինակ, չի կարողանա գնել օնլայն խանութում վաճառվող 300 000-դրամանոց համակարգիչը, կամ iPhone հեռախոսը: Դա եւս լուրջ խոչընդոտ է լինելու էլեկտրոնային առեւտրի զարգացման համար:

Եվ վերջին խնդրահարույց հարցը կանոնակարգերում վերաբերում է կոմունալ վճարումների քանակական եւ գումարային սահմանափակումներին:

Մենք հասկանում ենք, որ վերոհիշյալ պայմանները սահմանվել են` ելնելով ռիսկերի նվազեցման ԿԲ պատկերացումներից, սակայն նշված խնդիրներից ոչ մեկը ռիսկերի տեսանկյունից վտանգ չի ներկայացնում:

- Երբ Idram համակարգի օգտագործողները լիցքավորում են իրենց հաշիվը, նրանք լիցքավորված Idram միավորները հաճախ ընկալում են հենց որպես էլեկտրոնային փող: Ո՞րն է լինելու իրական էլեկտրոնային փողի (երբ սկսեք այն թողարկել) եւ ներկայիս դրամական միավորների տարբերությունը: Ե՞րբ եք նախատեսում սկսել էլեկտրոնային փողերի թողարկումը:

- Դեռեւս չթողարկելով էլեկտրոնային փող, Idram-ը գործարքներում հանդես է գալիս որպես գործակալ, իսկ էլեկտրոնային փողը, որպես այդպիսին, լիարժեք վճարային միջոց է  թողարկողից տարբերվող անձանց համար: Համակարգը գործելու են նույն կանխավճարային սկզբունքով [օգտագործողը մուտքագրում է գումարը եւ ստանում համարժեք էլեկտրոնային փողի միավորներ - Մեդիամաքս], սակայն օգտագործողների հնարավորություններն այսուհետ շատ ավելի լայն կլինեն: Որպես հետեւանք, մեծ զարկ կստանա էլեկտրոնային փողի փոխարկումը այնպիսի համակարգերի միավորների հետ, ինչպիսիք են WebMoney եւ Яндекс.Деньги համակարգերը: 

Էլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման մեկնարկը Idram-ի կողմից նախատեսված է  2011թ. ընթացքում:

- Էլեկտրոնային փողը «էլեկտրոնային կոմերցիա» լայն հասկացության բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ վերջինս, չնայած ակնհայտ առավելությունների եւ համաշխարհային լայն տարածմանը, Հայաստանում խիստ դանդաղ է զարգանում: Որո՞նք են դրա պատճառները:


- Ինտերնետ-առեւտրի ոլորտի հիմնական խնդիրը մնում է  հայկական բանկերի մոտ միջազգային քարտերով ինտերնետ-վճարումներ ընդունելու լիցենզիաների բացակայությունը:

Մյուս խնդիրներից են երկրում կոմպյուտերիզացման եւ ինտերնետի տարածման ցածր մակարդակը եւ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության անբավարարությունը: Այստեղ կարեւոր է նաեւ բիզնեսի ճիշտ կազմակերպումը. գաղտնիք չէ, որ հայաստանյան խոշոր առեւտրային ցանցերը բավականին հեռու են ինտերնետ-առեւտուր հասկացությունից:

Idram-ն էլեկտրոնային կոմերցիայի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու եւ նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով մասնակցում է տարբեր ֆորումների, կազմակերպում շնորհանդեսներ, օրինակ՝ անցած տարի ներկայացրել ենք մեր առաջարկները դեղորայքի եւ ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններին: Այսօր մանրածախ վաճառքով զբաղվող մեր տնտեսվարողները դժվարությամբ են պատկերացնում, որ երկրի ողջ տարածքում վաճառքի կետեր կառուցելու փոխարեն կարելի է ունենալ մեկ պահեստ, մեկ վեբկայք եւ մեկ առաքման ծառայություն:

Հաշվի առնելով բոլոր վերոհիշյալ խնդիրները, մեր բիզնեսը խիստ դանդաղ է զարգանում:

- Որքան հայտնի է, ոլորտին խոչընդոտում են նաեւ պետության եւ շուկայի մասնակիցների տարատեսակ ըմբռնումները էլեկտրոնային առեւտրաշրջանառության հարկման բնագավառում:

- Այո. քանի որ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտը Հայաստանում չի կանոնակարգվում հատուկ օրենսդրությամբ, հարկային մարմիններն առաջնորդվում են առեւտրին վերաբերող դասական օրենքներով, ինչն էլ իր հետ բերում է հավելյալ դժվարություններ: Օրինակ՝ հարկային օրենսդրության տեսանկյունից նշանակություն ունի ծառայության մատուցման վայրը, ինչը ինտերնետ-առեւտրի պարագայում հաճախ անհնար է որոշել:

Հարկային դաշտին վերաբերող մյուս խնդիրը ծագում է կրկնակի հարկման բացառման մասին Հայաստանի հետ համաձայնագիր չունեցող երկրների ռեզիդենտների հետ աշխատելիս: 

Բացի այդ, գործող օրենսդրության պայմաններում էլեկտրոնային հաշիվ ապրանքագիրը դեռեւս չի համարվում ծախսերը հիմնավորող փաստաթուղթ:

Ակնհայտ է, թե ինչ խնդիրներ կծագեն էլեկտրոնային փող թողարկողների մոտ, եթե այս հարցերը մնան չլուծված: Կարծում եմ, հարկային օրենսգրքում պետք է ընդգրկել ինտերնետ-առեւտրի առանձին կարգավորումը:

- Իսկ գո՞ւցե կան մարդիկ, որոնք ամենեւին էլ հետաքրքրված չեն էլեկտրոնային փողի ներդրման եւ էլեկտրոնային կոմերցիայի զարգացման մեջ; գո՞ւցե նույն բանկերն ունեն մտավախություն, որ եթե էլեկտրոնային առեւտրի բոլոր ենթակառուցվածքները Հայաստանում զարգացած լինեն, տուժելու է իրենց դրամական փոխանցումների բիզնեսը:


- Արդեն 10 տարի գործելով էլեկտրոնային փոխանցումների ոլորտում, կարող եմ պնդել, որ ոչ մի բանկ, բացառությամբ մեկ-երկուսի, դրամական փոխանցումներով մեծ եկամուտներ չի հետապնդում: Հայաստանում գործող բազմաթիվ դրամական փոխանցումների համակարգերին միանալը բանկերի համար գրեթե անվճար է, այդ պատճառով էլ նրանք օգտվում են այդ հնարավորությունից, իսկ համարել, որ բանկերի եկամուտները էլեկտրոնային փողի ներդրման հետ կպակասեն, կարծում եմ, սխալ է:

- Կարելի՞ է արձանագրել, որ էլեկտրոնային առեւտրի զարգացման հարցում Հայաստանում չկա շահերի բախում:

- Ոլորտում, կարծես թե, չկա կողմ, որը դեմ լինի զարգացմանը եւ առաջընթացին, սակայն գործընթացը շատ դանդաղ է առաջ շարժվում: Կարծում եմ, ոլորտի խթանման համար հարկավոր են որոշակի խրախուսիչ քայլեր պետության կողմից, օրինակ՝ մեխանիզմների հեշտացում բանկերի, էլեկտրոնային փող թողարկողների եւ խանութների համար:

Վճարահաշվարկային կազմակերպությունների բիզնեսն այսօր, ցավոք, եկամտաբեր չէ՝ սահմանվող պահանջների խստության, շուկայի փոքրության եւ մի շարք այլ պատճառներով: Օրինակ՝ բոլորովին վերջերս մեկ վճարահաշվարկային կազմակերպություն [«Ադալեւ ՌԻԱ» ՍՊԸ-ն - Մեդիամաքս] դադարեցրեց իր գործունեությունը: