11:39 | 03.05.11 | Հարցազրույցներ | exclusive 7063

Toshiba TEC. «Հայաստանում մարդիկ շատ բաց են նոր գաղափարների համար»

ԱՊՀ երկրներում Тoshiba TEC-ի գլխավոր մենեջեր Քեթրին Մասկեյի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Itel.am պորտալին

- Որո՞նք են Тoshiba TEC-ի գործունեության հիմնական ուղղությունները, ի՞նչպես է ընկերությունը ներկայացված Հայաստանում:

- Toshiba TEC Germany Imaging Systems GmbH ընկերությունը Toshiba TEC համաշխարհային կորպորացիայի մի մասն է, որը ստեղծվել է 1999 թվականին` Toshiba կորպորացիայի բազմաֆունկցիոնալ տպագրական տեխնիկայի կոմպոնենտի եւ 1950թ. հիմնադրված TEC կորպորացիայի միավորման արդյունքում:

Toshiba կորպորացիան Toshiba TEC կորպորացիայի հիմնական բաժնետերն է եւ ակտիվ է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության տարբեր հատվածներում:

Toshiba TEC-ը նախկինում ակտիվ չէր Հայաստանում եւ վերջերս է սկսել իր գործունեությունը` պայմանագիր կնքելով հայաստանյան «Թասկ» ընկերության հետ, որին մենք ընտրել ենք որպես Հայաստանում մեր գրասենյակային արտադրանքի պաշտոնական դիստրիբյուտոր: Դրա համար «Թասկ»-ի մասնագետները համապատասխան վերապատրաստում են անցել ինչպես Երեւանում, այնպես էլ Նոյսի (Գերմանիա) մեր գլխամասային գրասենյակում:
 
Մեր համագործակցության հիմքը փոխադարձ վստահությունն է, եւ մենք հավատում ենք, որ ի դեմս «Թասկ» ընկերության` գտել ենք հավատարիմ գործընկերոջ Հայաստանում մեր ռազմավարության հաջող իրականացման համար:

- Ինչո՞ւ  որոշեցիք մտնել հայաստանյան շուկա, որքանո՞վ է Toshiba TEC-ի համար կարեւոր տարածաշրջանը:

- Մինչ Հայաստանում գործունեության մեկնարկը մենք մանրամասն ուսումնասիրել ենք հնարավորությունները: Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է մեզ համար, երկրի տնտեսությունն արագ զարգանում է:
Մեզանից որոշակի ժամանակ  պահանջվեց ճիշտ գործընկեր գտնելու համար, եւ այդ գործընթացը, վերջապես, ավարտված է:

Բացի Հայաստանից, տարածաշրջանում մենք աշխատում ենք նաեւ Վրաստանում, իսկ Ադրբեջանում դեռ ուսումնասիրում ենք շուկան:

- Որո՞նք են Тoshiba TEC-ի հիմնական առավելությունները Հայաստանում:

- Toshiba TEC-ը զարգացնում է e-CONCEPT ռազմավարությունը, որը վերջնական սպառողներին թույլ է տալիս վերահսկել փաստաթղթաշրջանառության ծախսերը եւ օպտիմալացնել դրանք: Ընկերությունների մեծ մասը չեն պատկերացնում, թե իրականում որքան արժե փաստաթղթի տպագրությունը:

Համախառն հասույթի մինչեւ 3%-ը ընկերությունները ծախսում են փաստաթղթերի տպագրման և հետագա կառավարման վրա: Շատ ընկերություններ ավելի մեծ միջոցներ են ծախսում տպելու, պատճենելու եւ սքանավորելու վրա, քան հատկացնում են հետազոտություններին ու զարգացմանը: Թղթի օգտագործումը, ինչպես եւ նախկինում, տարեցտարի ավելանում է 6-8%-ով: Հաճախ ընկերություններն օգտագործում են 5 անգամ ավելի շատ տպիչներ, քան իրականում պահանջվում է: Նրանք չունեն մասնագետ, ով կհաշվի եւ կհուշի նրանց թղթի ծախսի իրական ծավալը:

Հայաստանյան գործընկերոջ հետ մենք վերլուծել ենք տեղական շուկան եւ հայտնաբերել ենք հսկայական ներուժ այդ տեսակի ծառայությունների ու խորհրդատվությունների համար: Վստահ եմ, որ Toshiba-ի անթերի արտադրանքն ու հեղինակությունը, ինչպես նաեւ «Թասկ»-ի հմտություններն ու գիտելիքները հաջող համակցություն կդառնան շուկայում:

Մարտի կեսին Toshiba TEC-ը սեմինար էր անցկացրել Բուդապեշտում` մեր գործընկերների հետ Toshiba-ի e-CONCEPT փորձը կիսելու նպատակով: Մեզ էին միացել մեր դիստրիբյուտորներն ողջ Եվրոպայից, ովքեր ներկայացրել են արժեքավոր դիտարկումներ ու առաջարկներ: Մենք դրանք կքննարկենք «Թասկ»-ի գործընկերների հետ եւ չի բացառվում, որ որոշ շտկումներ կկատարենք հայաստանյան շուկայում մեր աշխատանքում:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայաստանյան շուկայից:

- Այն մոտիվացիան եւ խանդավառությունը, որոնք ես տեսա Հայաստանի շուկայում, շատ մեծ ակնկալիքներ է ներշնչում ապագա շուկայի դիրքավորման եւ նորարարությունների տեսանկյունից: Հայաստանում մարդիկ շատ բաց են նոր գաղափարների համար, ինչը օպտիմալ բազա է զարգացման համար, որն էլ այստեղ հանդիսանում է մեր հիմնական նպատակը: Ինչպես ասել է Հենրի Ֆորդը, «Միասին հավաքվելը սկիզբն է: Միասին մնալն առաջընթաց է: Միասին աշխատելը հաջողություն է»: Այնպես որ, Հայաստանում մեր հետագա քայլերը լեցուն կլինեն դժվարին աշխատանքով, որպեսզի այստեղ դառնանք նույնքան հաջողակ, որքան այլ շուկաներում: