14:45 | 31.05.11 | Նորություններ | 3535

Օրանժ Արմենիա-ն ավելացրեց գերարագ ինտերնետի ծավալները

Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիա-ն ավելացնում է գերարագ ինտերնետի ծավալները եւ անսահմանափակ ինտերնետի արագությունը:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանն այսօր տեղեկացրել է, որ հունիսի 1-ից 6000 դրամ ամսական վճարով սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 ԳԲ գերարագ ինտերնետ (+1ԳԲ), 9000-ինը՝ 6 ԳԲ (+2ԳԲ), 11 000-ինը՝ 11 ԳԲ (+3ԳԲ), 20 000-ինը՝ 24 ԳԲ (+4ԳԲ):

Հունիսի 1-ից կավելանա նաեւ անսահմանափակ ինտերնետի արագությունը. 6000 դրամ սակագնային պլանի բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 128 ԿԲ/վ փոխարեն կօգտվեն 256 ԿԲ/վ արագությունից, իսկ մյուս սակագնային պլանների համար արագությունը 256-ի փոխարեն կկազմի 384 ԿԲ/վ: Նաեւ բոլոր սակագնային պլանների համար կրկնապատկվել է վերբեռնման (upload) ծառայությունը:

Ընկերության մարքեթինգի գծով տնօրենն այսօր հայտարարել է Օրանժ Արմենիա-ի ինտերնետ-ծառայությանը վերաբերող եւս 2 նորությունների մասին. Օրանժի բոլոր  ինտերնետ բաժանորդները, որոնք կհասնեն ծառայություններից օգտվելու 12-րդ ամսին եւ վերակնքեն պայմանագիրը, կստանան ամսական 1 հավելյալ գիգաբայթ գերարագ ինտերնետ; բացի այդ, ընկերությունն այլեւս չի հաշվարկելու գիշերային ժամերին սպառված գերարագ ինտերնետի ծավալները. 02:00-8:00 ընկած ժամանակահատվածում գերարագ ինտերնետից անվճար օգտվելու համար բաժանորդները պետք է ամսական 1 անգամ իրենց Ինտերնետ Հիմա մոդեմից, MyFi-ից կամ Flybox-ից ուղարկեն NI բանալի բառը 111 համարին:

Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշեց, որ Օրանժ Արմենիա-ն իր առաջարկներով հասանելի դարձրեց ինտերնետը տասնյակ հազարավոր մարդկանց համար, «եւ կարծում ենք՝ հիմա ճիշտ պահն է մեր բաժանորդներին առաջարկել թարմացված սակագնային պլաններ»: Բրունո Դյութուան տեղեկացրեց նաեւ, որ ընկերության ինտերնետ-բաժանորդների թիվը հասել է 60 000-ի: