16:07 | 13.05.11 | Նորություններ | 4216

“ԱրմենՏել”-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կմեկնարկի նոր մանկական ծրագիր

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է “Ստեղծագործականություն եւ երեւակայություն” նոր մանկական ծրագիր:

“Ստեղծագործականություն եւ երեւակայություն” ծրագրի շրջանակում 6-ից 12 տարեկան երեխաները կծանոթանան ճանաչված չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի աշխատանքներին: Երեխաներին կցուցադրվի արվեստագետի կողմից պատրաստված մուլտֆիլմ, որում ներկայացվում է արվեստի գործի ստեղծման գործընթացը` մտահաղացման ի հայտ գալուց մինչեւ իրականացումը: Այնուհետեւ, երեխաներին հնարավորություն կընձեռվի հատուկ խաղ-դասերի ժամանակ ստեղծել իրենց սեփական աշխատանքները:

“ԱրմենՏել” ընկերության հետ համագործակցության շրջանակներում մենք շարունակում ենք կրթական եւ ստեղծագործական ծրագրերի շարքը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Մեր փորձը ցույց տվեց, որ հայ երեխաները հաճույքով են շփվում արվեստի գործերի հետ, ոգեշնչված  ստեղծագործում եւ  ուրախությամբ գալիս մեր կենտրոն”, - նշեց  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն  Մարաբյանը:  

“Այս նախագիծը բացառիկ է, քանի այն որ թույլ է տալիս երեխաներին, ոչ միայն դիտորդի կարգավիճակում շփվել արվեստի գործերի հետ, այլ նաեւ ստեղծել իրենց սեփականը: Հենց այս ինտերակտիվ եւ անհատական մասնակցության ձեւը, կարծում եմ, ամենաշատը կհետաքրքրի պատանի նկարիչներին: Ընկերությունը հնարավորություն է տալիս երիտասարդներին հարստացնել իրենց ստեղծագործական փորձը, որը կուղեկցի նրանց ամբողջ կյանքի ընթացքում”, - ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

“Ստեղծագործականություն եւ երեւակայություն” ծրագրին մասնակցությունն անվճար է:

Ծրագրին կարող են մասնակցել երեխաները եւ նրանց ընտանիքների անդամները: Դասերը տեղի կունենան երեքշաբթի եւ շաբաթ օրերին, սկսած 2011թ-ի մայիսի 14-ից: Ծրագրին մասնակցելու համար կարելի է դիմել Գաֆէսճեան արվեստի կենտրոն` 010541932  եւ  010541934 հեռախոսահամարներով:

“ԱրմենՏել” ընկերությունը հանդիսանում է մանուկների եւ պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր եւ հովանավոր: “ԱրմենՏել” ընկերության եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջեւ երկարատեւ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են ստեղծագործական սեմինարներ, մանկական եւ պատանեական ծրագրեր, դասական երաժշտության համեգներ եւ այլ ստեղծագործական սեմինարներ` ուղված երեխաների եւ պատանիների գեղագիտական դաստիրակմանը: