15:33 | 12.05.11 | Նորություններ | 3444

“ԱրմենՏել”-ը Microsoft ինովացիոն կենտրոնին ապահովեց կապի ծառայություններով

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի Microsoft ինովացիոն կենտրոնին ապահովեց կապի ծառայություններով: Կենտրոնի համար մշակված է հատուկ կորպորատիվ առաջարկ, որը թույլ է տալիս ստանալ առավել շահավետ պայմաններ:

Կապի ծառայություններ տրամադրելուց բացի, “ԱրմենՏել” ընկերությունը  Microsoft-ի հետ համատեղ իրականացնում է մի շարք կրթական եւ տեխնոլոգիական ծրագրեր:

“Ուրախ եմ, որ կենտրոնի ներքո միավորվեցին ծրագրային ապահովման եւ հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն ընկերությունները:  Microsoft-ի եւ “ԱրմենՏել”-ի համագործարկցությունը երկար պատմություն ունի, սակայն այս նախագծի շրջանակներում այն կստանա նոր ազդակ` Հայաստանի տնտեսության համար ավելի նշանակալի ծրագրերի իրականացման համար”, - ասաց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

“Մենք վաղուց ենք համագործակցում Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության հետ, միասին իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր` ուղղված կրթության աջակցմանը, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների ներդրմանը: Դպրոցական համակարգչային ցանցի կառուցում, “Երեւակայության գավաթ” ուսանողական մրցույթ, “Ուսուցիչ-Նորարար” նախագիծն` այն նախաձեռնություններից են, որոնք մենք Microsoft-ի հայաստանյան գրասենյակի հետ իրականացնում  ենք վերջին տարիների ընթացքում: “ԱրմենՏել”-ի եւ ինովացիոն կենտրոնի համագործակցության շնորհիվ, մոտ ապագայում այդ ցանկը կհամալրվի նոր մտահաղացումներով ”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ղեկավար Անուշ Բեղլոյանը: