17:38 | 03.05.11 | Նորություններ | 4119

Imagine Cup 2011-ի հաղթողները կներկայացնեն Հայաստանը Նյու-Յորքում

Երեւան/Մեդիամաքս/. Մայիսի 2-ին ամփոփված Imagine Cup 2011 մրցույթի արդյունքում հաղթող թիմեր են ճանաչվել “X-Teach”, “Eco-Friends” եւ “ANAKA” թիմերը` գրավելով, համապատասխանաբար, առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը:

Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են “ԱրմենՏել” ընկերության մամուլի ծառայությունից, հաղթող թիմերը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից ստացել են սահմանված դրամական պարգեւները. 1-ին մրցանակ` 300 հազ. դրամ, 2-րդ մրցանակ` 250 հազ. դրամ, եւ 3-րդ մրցանակ` 150 հազ. դրամ: Առաջին տեղը գրաված թիմը “ԱրմենՏել” ընկերության կողմից ստացել է նաեւ համակարգիչ /netbook/:

2011թ. ամռանն առաջին տեղը գրաված թիմը կմեկնի Նյու-Յորք` ներկայացնելու Հայաստանը Imagine Cup միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում:

Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա է եղել նաեւ  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ասել է. «Նորարարությունը պարզապես տեխնոլոգիան չէ, այն մտածելակերպ է, որը պետք է շարունակաբար խրախուսվի երիտասարդների շրջանում»:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր հերթին ասել է, որ այս մրցույթը վառ օրինակ է, թե ինչպես է խոշոր բիզնեսը խրախուսում երիտասարդների նորարարական տեխնոլոգիական նախաձեռնությունները: 

Imagine Cup մրցույթը նպատակ ունի օգնել երիտասարդ մասնագետներին բացահայտելու իրենց ներուժը տեխնոլոգիաների եւ նորարարությունների ստեղծման մեջ: Հայաստանում Imagine Cup-ի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Microsoft-ի հայաստանյան գրասենյակը: