15:21 | 14.04.11 | Նորություններ | 2586

“ԱրմենՏել”-ը կաջակցի կարիքավոր ընտանիքների 10 երեխաների բուժմանը

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը գովազդային ակցիաներից ստացված միջոցների մի մասը տրամադրել է Հայաստանի տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների երեխաների բուժման կազմակերպմանը:

1-ից մինչեւ 16 տարեկան տասը երեխաների համապատասխան վիրահատությունները կիրականացվեն Երեւանի բժշկական հաստատություններում:

Ծրագիրն իրականացվում է “Մանկական զարգացման հիմնադրամ” հասարակական կազմակերպության հետ համատեղ:

““ԱրմենՏել” ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացնում է աճող սերնդի աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Սակայն այս ծրագիրը յուրահատուկ է, քանի որ տարբեր մարզերի երեխաները կարող են հաղթահարել հիվանդությունները մեր հաճախորդների անմիջական մասնակցության շնորհիվ: Յուրաքանչյուր մարդ, ով մասնակցել էր մեր ընկերության կողմից կազմակերպված ակցիաներին, իր լուման է ներդրել բարի գործում”,-  նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Հաջողակ պաստառներ” գովազդային վիճակախաղը, որը տեղի ունեցավ 2010թ. դեկտեմբերի 2-ից մինչեւ 2011թ. փետրվարի 2-ը, ուղղված էր շարժական բովանդակության ծառայությունից օգտվելու խրախուսմանը: Կազմակերպիչների հաշվարկով, Beeline  բաժանորդների յուրաքանչյուր վեցերորդ գնումը կատարվել է երեխաների բուժման եւ հետագա վերականգնողական գործընթացի կազմակերպման օգտին: