17:02 | 12.04.11 | Նորություններ | 3994

Հայաստանում ստեղծվել է Orange Հիմնադրամ

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում ստեղծվել է Orange Հիմնադրամ, որը ստանձնելու է Orange Armenia ընկերության բարեգործական գործունեությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտարարել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Բարեգործությունը մեր ընկերության հիմնական գործունեությունը չէ, սակայն լինելով Հայաստանի տնտեսության մեջ կարեւոր դեր ունեցող ընկերություն`  մեր պարտքն ենք համարում խթանել բարեգործությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Orange Armenia հիմնադրամի ստեղծումը թույլ կտա ավելի շարունակական դարձնել մեր բարեգործությունը` միաժամանակ դրան մեծ ծավալներ հաղորդելով», - ասել է Բրունո Դյութուան:

Նա տեղեկացրել է, որ հիմնադրամը կսկսի գործել ապրիլ-մայիս ամիսների ընթացքում եւ կունենա ֆինանսավորման երեք աղբյուր. առաջինը` Orange Armenia ընկերության բարեգործությանն ուղղված ֆինանսներն են, երկրորդը` Orange մայր հիմնադրամը, որն արդեն հատկացրել է 100 հազ. եվրո, իսկ ֆինանսավորման երրորդ աղբյուրը կլինի համագործակցությունն այլ դոնոր ընկերությունների հետ:

Եվրոպայում, Միջին Արեւելքում եւ Ասիայում Orange Հիմնադրամի ներկայացուցիչ Մարի Լիզա Դյուրբանն էլ ասել է, որ Հայաստանը Orange Հիմնադրամ ունեցող 11-րդ երկիրն է, եւ այս Հիմնադրամի գլխավոր նպատակն է «օգնել հաղորդակցման խնդիրներ ունեցող մարդկանց»:

Հայաստանում Orange Armenia Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանն ասաց, որ Հիմնադրամն իր գործունեությունը կծավալի` ելնելով ինչպես երկրում առկա խնդիրներից, այնպես էլ համաձայն Orange Հիմնադրամի որդեգրած ռազմավարության:

«Հայաստանում Հիմնադրամն իր գործունեության ընթացքում հիմնական շեշտը կդնի երեխաների խնդիրների, ինչպես նաեւ գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման վրա», - ասել է նա: