14:58 | 30.03.11 | Նորություններ | 3483

UITE-ն սկսել է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի գրանցումը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) Armrobotics ռոբոտների բաց առաջնության շրջանակներում հայտարարել է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի գրանցումը, որն իրականցվում է digitec.am կայքում մինչեւ ապրիլի 15-ը:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են UITE-ի մամուլի ծառայությունում, մրցույթի շրջանակներում ռոբոտի խնդիրն է հողածածկ տեղանքում գտնել թաղված ականները, որոնց վերին մասը գտնվում է դաշտի մակերեւույթի տակ 1-3սմ խորությամբ: Ռոբոտը պետք է խուզարկի  տարածքը, նշի ականների դիրքերը, ստեղծի հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը եւ այն ուղարկի սերվերին:

Մինչ եզրափակիչ փուլը տեղի կունենան մեխանիկայի եւ կոնստրուկցիայի, Էլեկտրոնիկայի, ռոբոտի ծրագրի նախնական մրցույթներ, որից հետո թիմերն ամբողջությամբ պատրաստ ռոբոտին կներկայացնեն ժյուրիին եւ հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի եզրափակիչ փուլին:

Armrobotics-ի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, իսկ տեխնիկական հովանավորը` «Հուրնեթ» ընկերությունը: Առաջնությունն անց է կացվում ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: