12:06 | 25.02.11 | Նորություններ | 3628

    Մինչեւ տարեվերջ Ադրբեջանում կգործարկվի «ամպային հաշվարկների» տեխնոլոգիան

    Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը /ՏՏԻ/ կգործարկի «ամպային հաշվարկների» տեխնոլոգիան (Cloud computing), Trend-ին ասել է ՏՏԻ ներկայացուցիչ Ռաշիդ Ալեքպերովը:

    Նրա խոսքերով, «ամպային հաշվարկների» տեխնոլոգիաներն ի սկզբանե մատչելի կլինեն Գիտությունների ակադեմիայի 35 գիտահետազոտական ինստիտուտների, ապա` երկրի բոլոր գիտնականներին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններին:

    «Ծրագրի իրականացման նպատակով մենք բանակցություններ ենք վարում IBM-ի եւ HP-ի հետ, որոնց ներկայացրել ենք մեր տեխնիկական պահանջները: Մեր հաշվարկներով, նախնական փուլում մեր կողմից ստեղծվող DATA-կենտրոնների արտադրողականությունը կկազմի 1,5 տերաֆլոպ, օպերատիվ հիշողության ծավալը` 700 գիգաբայթ, իսկ արտաքին ծավալը` շուրջ 20 տերաբայթ»,- ասել է Ալեքպերովը:

    «Ամպային հաշվարկների» ծառայություններին վերջնական սպառողներին հեռակա դինամիկ հասանելիություն կտրամադրվի AzScienceNet գիտական համակարգչային ցանցի միջոցով, որում տվյալների փոխանցման արագությունը գերազանցում է 100 Մբիտ/վրկ-ը: