11:12 | 27.01.11 | Նորություններ | 3305

«ԱրմենՏել»-ի համակցված ապրանքատեսակը գրեթե պատրաստ է

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը շարունակում է բանակցությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ բջջային-ֆիքսված համակցված (կոնվերգենտ) ծառայությունների ներդրման ուղղությամբ:

Այդ մասին ասել է ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն` պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին:
 
«Ապրանքատեսակը, որը մենք ցանկանում ենք առաջարկել, գրեթե ձեւավորված է: Մենք պատրաստ ենք այդ առաջարկով դուրս գալ շուկա, սակայն շատ բան կախված է ՀԾԿՀ դիրքորոշումից»,- նշել է Իգոր Կլիմկոն:

Դեռեւս նախորդ տարվա աշնանը «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենն ասել էր, որ ընկերությունը բանակցում է ՀԾԿՀ-ի հետ այն սահմանափակումների շուրջ, որոնք առկա են ՀՀ օրենսդրությունում համակցված ծառայությունների տրամադրման համար:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով ընկերության մատուցած ծառայությունների որակը` Իգոր Կլիմկոն նկատել է, որ եթե մինչեւ սպասարկման որակի բարելավման ծրագրի ներդրումը Beeline գրասենյակներում հերթում սպասելու միջին ժամանակը կազմում էր շուրջ 1 ժամ 40 րոպե, ապա ներկայումս այն չի գերազանցում 5-10 րոպեն:

«Վերջին 1.5 տարվա ընթացքում մենք լուրջ ուշադրություն ենք դարձրել ոչ միայն սպասարկման, այլեւ մեր ցանցի աշխատանքի որակի բարելավմանը, եւ այսօր բաժանորդների բողոքների քանակը նվազագույնի է հասել վերջին 5-7 տարվա ընթացքում»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը: