13:44 | 20.01.11 | Նորություններ | 3450
Երեւան/Մեդիամաքս/. Կառավարական կայքերի միջոցով տրամադրվող տեղեկատվության թափանցիկության մակարդակով լավագույնն է ճանաչվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքը` www.mtc.am:
Այսօր Երեւանում ներկայացնելով կայքերի շրջանում անցկացված մոնիտորինգի արդյունքները` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը տեղեկացրել է, որ թափանցիկության եւ մատչելիության աստիճանով երկրորդ տեղում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, երրորդում` Կրթության եւ գիտության նախարարության կայքը:
Մեսրոպ Հարությունյանը հավելել է, որ 23 գերատեսչությունների շարքում վերջին 3 տեղերն են զբաղեցնում Ոստիկանության, Արդարադատության նախարարության եւ Պետեկամուտների կոմիտեի կայքերը:
Կայքերի գործունեության դիտարկումն անց է կացվել 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
«Հուսով ենք, որ մոնիտորինգի արդյունքների հրապարակումից հետո որոշ գերատեսչություններ կբարելավեն իրենց կայքերի աշխատանքը»,- ասել է փորձագետը:
Դիտարկման են ենթարկվել նաեւ ՀՀ մարզպետարանների կայքերը: Տեղեկատվության թափանցիկության ցուցանիշով առաջին տեղում է Արմավիրի մարզը, վերջին տեղը զբաղեցնում է Շիրակի մարզը:
«Հայաստանի պետական մարմինների տեղեկատվության թափանցիկություն եւ մատչելիություն» մոնիտորինգն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամ - Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: