15:20 | 17.01.11 | Նորություններ | 3762

Մինչեւ տարեվերջ ՀՀ դպրոցների 93 % ապահովված կլինի ինտերնետով

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր ներկայացրել է 2011 թվականի ծրագրերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, նախարարը տեղեկացրել է, որ 2011 թվականին նախարարությունը Համաշխարհային Բանկի հետ համատեղ մտադրված է ստեղծել նախակրթարաններ` հանրակրթական դպրոցների հիման վրա, չորս մարզերի`Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ջորի եւ Սյունիքի մոտ 70 համայնքներում:

Խոսելով ավագ դպրոցների մասին, նախարարն ասել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում եւս 15 ավագ դպրոցի կարիք կա: Մինչեւ տարեվերջ ավագ դպրոցների ընդհանուր քանակը նախատեսվում է հասցնել 104-105-ի:

Արմեն Աշոտյանն ասել է, որ շարունակվելու է հանրակրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ներդրման եւ ընդլայնման քաղաքականությունը: Այսուհետ համացանցը հասանելի է լինելու եւս 414 դպրոցներում, եւ մինչ տարեվերջ հանրակրթական ոլորտում ինտերնետով ապահովվածությունը կկազմի 93%: 

Մինչեւ մարտի առաջին շաբաթը կավարտվի 250 դպրոցներին համակարգչային դասարանների մատակարարման ծրագիրը` համակարգիչ-աշակերտ փոխհարաբերակցությունը հասցնելով 1/25-ի: 

Նախարարն ասել է, որ Վայոց Ձորում կիրականացվի պիլոտային ծրագիր, որի շրջանակներում ընտանեկան նպաստի ծրագրում ընդգրկված ընտանիքների երեխաները կապահովվեն անվճար հագուստով եւ կոշկեղենով: 

Մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ 120 մլն դրամ է փոխանցվելու մարզերին` սոցիալապես անապահով եւ ամենախոցելի ընտանիքներին անվճար դասագրքերով ապահովելու համար: