10:53 | 13.01.11 | Նորություններ | 4280
Երեւան/Մեդիամաքս/. ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը հիանալի է համարում Ռուբեն Վարդանյանի` Հայաստանում “ԴԻԼԻՋԱՆ” դպրոցի ստեղծման նախաձեռնությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, “Այբ” նախագծի նախաձեռնողներից մեկը հանդիսացող Դավիթ Յանն ասել է այս մասին “Անիվ” ամսագրին տված հարցազրույցում:
“Ես հիանալի եմ համարում Դիլիջանի դպրոցի նախաձեռնությունը եւ գիտեմ, թե ինչ փայլուն նախագիծ է իրականացրել Ռուբեն Վարդանյան Ռուսաստանի համար` «Սկոլկովո» բիզնես-դպրոցը: Ես հիացած էի, երբ իմացա, որ նա որոշել է դպրոց ստեղծել Հայաստանում: Ես համոզված եմ, որ Հայաստանին պետք են համաշխարհային կարգի նման ուսումնական հաստատություններ, եւ գուցե` ոչ մեկը: Դիլիջանի դպրոցի եւ “Այբ” նախագծերը ոչ մի կերպ միմյանց չեն հակասում, հակառակը` դրանք փոխլրացնում են միմյանց”, - ասել է Դավիթ Յանը:
“Հայաստանում կրթության վիճակի վրա ընդհանուր առմամբ համաձայնեցված ազդելու համար, նոր նախագծերից ոչ մեկը չպետք է դեպի իրեն ձգի այս կամ այն ռեսուրսները: Այդ նախագծերն առանձին-առանձին երբեք բավարար չեն լինի: Եվ շատ կարեւոր է չխախտել այն փխրուն հավասարակշռությունը, որն արդեն գոյություն ունի: Շատ կարեւոր է, որ մեծ միջոցները, եթե դրանք ներդրվելու են, չխարխլեն գոյություն ունեցող կրթությունը: Որպեսզի այդ ջանքերի, ֆինանսական եւ կազմակերպչական միջոցների մի մասը զուգահեռ պարտադիր ուղղվի Հայաստանի ընդհանուր կրթական ոլորտի բարելավմանը բոլոր մյուս դպրոցներում”, - նշել է Դավիթ Յանը:
“Ես գիտեմ Ռուբենին, գիտեմ, թե որքան հաջողված է “Սկոլկովո” նախագիծը Ռուսաստանում: Գիտեմ, թե որքան էներգիա եւ ուժ է ծախսում Ռուբենը Սկոլկովոյի դպրոցի ստեղծման համար, թե միանգամից ինչպիսի բարձր տեղ է զբաղեցրել այդ դպրոցը, չնայած որ Մոսկվայում արդեն կային բավականին բարձր մակարդակի բիզնես-դպրոցներ: Այնուամենայնիվ, այն շատ պայծառ եւ լուրջ երեւույթ դարձավ ռուսաստանյան բիզնես-կրթության ոլորտում: Չեմ կարող խոսել պատճառների եւ հետեւանքների մասին, հնարավոր է նաեւ, որ դա պատահականություն է, որ նորարական “Սկոլկովո” քաղաքի ՌԴ նախագահի նախագիծը գտնվում է Ռուբենի դպրոցից հինգ կիլոմետր հեռավորության վրա եւ կոչվում է նույն կերպ”, - ասել է ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահը:
Մեկնաբանելով նախորդ տարի ԴԻԼԻՋԱՆ նախագծի հասցեին հնչած քննադատությունը, Դավիթ Յանն ասել է.
“Հուսով եմ, որ կյանքն ամեն ինչ կդնի իր տեղերում: Ես շատ կվշտանամ, եթե Ռուբենը կորցնի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ, եւ Հայաստանը երկար ժամանակով կզրկվի նման հնարավորությունից: Ռուբենը փայլուն գործարար է եւ շատ նշանակալի դեմք է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների ոլորտում: Նրա ձեռքբերումները մեծ հարգանքի են արժանի: Նա երբեք չէր անի որեւէ բան, ինչը կվնասեր Հայասըտանին”:
Դավիթ Յանի հարցազրույցի ամբողջական տարբերակը ռուսերենով կարող եք կարդալ այստեղ. http://itel.am/ru-news-95-3615.html: