16:07 | 27.10.10 | Նորություններ | 3608

Երեւանում կանցկացվի «DigiTec Expo 2010» ցուցահանդեսը

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 29-31-ը Երեւանում կանցկացվի «DigiTec Expo 2010» միջազգային ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Հայաստանի ՏՏ-ընկերությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանն այսօր լրագրողներին ասել է, որ ցուցահանդեսին ակնկալվում է 65 ընկերությունների եւ 12 հազար այցելուների մասնակցությունը:

Նրա խոսքերով, ցուցահանդեսն ամենահետաքրքիրն ու ամենախոշորն է Հարավային Կովկասում: Կարեն Վարդանյանը հայտնել է, որ ցուցահանդեսի հովանավորներն են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը եւ D-Link-ը, որի նախագահը նույնպես կայցելի ցուցահանդեսը 40-հոգանոց պատվիրակության կազմում:

“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն  Բագրատ Ենգիբարյանի խոսքերով, ցուցահանդեսը տարեցտարի զարգանում է ոչ միայն քանակապես, այլեւ որակապես: Մասնավորապես, ներկայիս ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 12 նորաստեղծ ընկերություններ, ուսումնական հաստատություններ, որոնք կներկայացնեն իրենց տեխնոլոգիական լուծումները: Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ «DigiTec Expo 2010»-ն աստիճանաբար վերածվում է ոչ միայն տեղեկատվական, այլեւ բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի:

Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվի խաղարկություն, որի ընթացքում մասնակիցները կարող են շահել HTC սմարֆոններ “ՎիվաՍել-ՄՏՍ” եւ Unicomp ընկերություններից, ինչպես նաեւ ինտերնետին միանալու փաթեթներ iCon-ից:

Ցուցահանդեսի կազմակերպանն ու անցկացմանն աջակցում է նաեւ USAID/CAPS ծրագիրը: