11:54 | 25.10.10 | Նորություններ | 4079

Beeline-ը կմնա որակի եւ գնագոյացման օրենսդիրը ՀՀ շուկայում, կարծում է «Վիմպելկոմի» փոխնախագահը

Երեւան/Մեդիամաքս/. «Վիմպելկոմի»` ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին կարծում է, որ իր համակողմանիության շնորհիվ Beeline-ը կմնա որակի եւ գնագոյացման օրենսդիրն ու առաջնորդը հեռահաղորդակցային ծառայությունների հայաստանյան շուկայում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը Դմիտրի Կրոմսկին նկատել է, որ «հեռահաղորդակցային արդյունաբերությունը ենթադրում է հետեւողական կշռադատված գործողություններ, պահուստային հզորությունների առկայություն, եւ երբեք չի ներում սխալները»:

««ԱրմենՏել»-ը Հայաստանի խոշորագույն գործատուներից, հարկատուներից եւ ներդրողներից մեկն է, եւ այդ պատճառով գնագոյացման խնդրին մենք վերաբերում ենք կրկնակի պատասխանատվությամբ»,- նշել է «Վիմպելկոմի» թոփ-մենեջերը:

Դմիտրի Կրոմսկին ասել է, որ «մեր սպասարկման հիմնական առավելությունն այն է, որ բաժանորդը կարող է հասանելի լինել հեռահաղորդակցային ծառայությունների ողջ տեսականուն եւ առաջինը հասանելի լինել այդ ոլորտի նորագույն տեխնոլոգիաներին»:

«Մենք հետեւողականորեն զարգացնելու ենք մեր գործունեության բոլոր ուղղությունները եւ հաճախորդներն առաջարկելու ենք նոր ապրանքատեսակներ»,- ասել է Դմիտրի Կրոմսկին` նշելով, որ Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, օպերատորները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալների փոխանցման ծառայությունների զարգացմանը, որոնց ներուժն ավելի մեծ է, քան ձայնային ծառայություններինը:

«Ինտերնետ-հասանելիության շուկայում Beeline-ը մնում է անվիճելի առաջնորդ եւ շարունակում է ամրապնդել դիրքերը: Hi-Line ծառայության նոր առաջարկները նպաստել են 2010թ. առաջին եռամսյակի համեմատ լայնաշերտ հասանելիության ոլորտում բաժանորդային բազայի շուրջ 60% ավելացմանը»,- ասել է «Վիմպելկոմի»` ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահը: