17:18 | 01.10.10 | Նորություններ | 3120

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը հանդիպել է ՏՏ “Հաղթողների ակումբի” անդամների հետ

Երեւան/Մեդիամաքս/. ՏՏ “Հաղթողների ակումբն” այսօր իր առաջին հանդիպումն է անցկացրել:

Այսօր ակումբում հյուրընկալվել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ինչպես նշել է Synopsys Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը, Ռալֆ Յիրիկյանը պատահաբար չի դարձել ակումբի առաջին հյուրը` հաշվի առնելով “նրա անցած ճանապարհը եւ նրա անձը”:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենն ակումբի անդամներին ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության ամենակարեւոր ոլորտներից մեկն է, եւ “ապագայում դուք եք ստանձնելու այդ ոլորտի զարգացման գործը”: Նա հայտնել է, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը շարունակում է վճռական մնալ Հայաստանի մրցունակության խթանմանը եւ աշխարհում մեր երկրի բարի համբավի տարածմանն ուղղված միջոցառումներին եւ գործունեությանը սատար կանգնելու հարցում: Ընկերության գործունեությունը ներկայացնելուց հետո, Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

“Հաղթողների ակումբը” ստեղծվել է երկու տարի առաջ` ՏՏ ոլորտում Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիրների կողմից, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր բուհերի ՏՏ ֆակուլտետները: