12:56 | 30.09.10 | Նորություններ | 3502
Երեւան/Մեդիամաքս/. “Հայաստան” համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին այսօր հայտնել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Նրա խոսքերով, վաղվանից կսկսվի միջոցների հավաքագրման ակտիվ փուլը, որին կարող են մասնակցել նաեւ բջջային բոլոր օպերատորների բաժանորդները` 8000 ուղիղ համարին ուղարկելով իրենց անունը եւ ազգանունը, որից հետո նրանց հաշվից կգանձվի 500 դրամ:
Արա Վարդանյանը հայտնել է, որ այս տարի միջոցները կուղղվեն Արցախում ջրամատակարարման վերականգնմանը (Մարտունի, Հադրութ, Ասկերան, Բերդձոր) եւ Հայաստանում գյուղական տարածքների զարգացմանը:
Ինչպես նշել է Արա Վարդանյանը, այս տարի որպես հեռուստամարաթոնի գլխավոր հովանավոր կրկին հանդես կգա “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը: Նա նշել է, որ արդեն երրորդ տարին է, ինչ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը “Հայաստան” հիմնադրամի գլխավոր հովանավորն է եւ այդ ընթացքում $2,3 մլն է ուղղել միջոցների հավաքագրման կազմակերպմանը:
Այս տարի Մոսկվայում կրկին տեղի կունենա բարեգործական ընթրիք, որին կմասնակցեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները: Նախորդ տարի “Հայաստան” հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքներով հավաքվել էր $15 մլն 870 հազար: