11:42 | 15.09.10 | Նորություններ | 3120

«Նորարարությունն է հաջողության տանող ուղին», ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վստահ է, որ «նորարարությունն է հաջողության տանող ուղին»:

Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդեցին ընկերությունում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավարն այս մասին ասաց Սմբատ Բյուրատի անվան դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը:

«Բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսության ընթացքում աշակերտներին ներկայացվեց հաջողակ բիզնեսի զարգացման ռազմավարության մոդելը: Ցուցադրվեցին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բիզնես-մոդելի օրինակներ` ներկայումս Հայաստանում ամենահզոր`ավելի քան 650 բնակավայրերում ծածկույթ ապահովող 3.5G ցանցի տեխնիկական հնարավորությունների շեշտադրմամբ:

Ռալֆ Յիրիկյանը խոսեց նաեւ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում մարքեթինգային ռազմավարության եւ լուծումների մասին:

Դասախոսության առանձին հատված նվիրված էր կորպորատիվ պատասխանատվության գաղափարին, որը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեության ռազմավարության հիմքում ընկած բիզնես-մոտեցում է:

«Նորարարությունն է հաջողության տանող ուղին: Դուք պետք է գնահատեք Հայրենիքում սովորելու եւ աշխատելու ձեզ ընձեռված հնարավորությունը: Փոխեք ինքներդ ձեզ, զարգացրեք մասնագիտական հմտությունները, արդյունավետ օգտագործեք ժամանակը, մի հանձնվեք, կամավոր դարձեք, եթե չեք կարող աշխատանք գտնել: Ձեր նախասիրությունները, ոգեշնչվածությունը, հետաքրքրությունները եւ հասարակական ակտիվությունը կարիերայում լավագույն ուղեցույցը կլինեն»,- խորհուրդ տվեց Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին: