11:19 | 31.08.10 | Նորություններ | 3607

«ԱրմենՏել»-ի աշխատակիցներն արյուն են հանձնել լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման նպատակով

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) մասնակցել է «ՎիմպելԿոմ» ԲԲԸ կողմից կազմակերպված «Բարի կամքի ակցիա» դոնորական միջոցառումներին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, օգոստոսի 18-ից 25-ը «ԱրմենՏել»-ի աշխատակիցներն արյուն են հանձնել Հանրապետական արյունաբանական կենտրոնում` լեյկեմիայով հիվանդ երեխաների համար:

«Լեյկեմիան սարսափելի ծանր հիվանդություն է: Առավել սարսափելի է, երբ լեյկեմիայով հիվանդանում են երեխաները: Սակայն այն մահավճիռ չէ: Մասնակցելով ակցիային` մենք օգնում ենք հիվանդ երեխաներին եւ նրանց ընտանիքներին` նվիրելով հույս եւ մեր կյանքի մի մասնիկը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հանրապետական արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն Մարինա Քամալյանը շնորհակալություն է հայտնել «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին` նշելով, որ Երեւանում «կարմիր արյան» բավարար քանակության ապահովման խնդիրը շատ սուր է: Նա նշել է, որ ակցիայի շրջանակում ստացված արյան բոլոր բաղադրամասերն արդեն փոխանցվել են այն բուժհաստատություններին, որտեղ երեխաները պետական պատվերի շրջանակում ստանում են բժշկական օգնություն: