14:58 | 28.06.10 | Նորություններ | 3674

Intel-ի նախկին ղեկավարն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին հանձնել է ՀՀ նախագահի մրցանակը «տեղեկատ¬վա¬կան տեխնոլոգիաների ոլոր¬տում համաշխարհային ներդրման համար»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Քրեյգ Բարեթը նախագահից ստացել է ոսկե մեդալ, որի մի երեսին պատկերված է ադամանդե աչքով արծիվ, դարձերեսին` ՀՀ զինանշանը Սիլիկոնյան հովտի խորհրդանիշի ֆոնի վրա:

Հանդես գալով մրցանակի հանձնման արարողությանը` նախագահական մրցանակի կազմկոմիտեի համանախագահ, Synopsys ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանը, ում պատկանում է մրցանակի հիմնման գաղափարը, ասել է, որ Նոբելյան մրցանակը, որն աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է եւ հանձնվում է տարբեր բնագավառներում, ուշադրությունից դուրս է թողնում IT ոլորտը, եւ Հայաստանն աշխարհի միակ պետությունն է, որտեղ մրցանակ է հանձնվում տեղեկատ¬վա¬կան տեխնոլոգիաների ոլոր¬տում համաշխարհային ներդրման համար:

«Քրեյգ Բարեթի ընտրությունը` որպես նախագահի մրցանակի առաջին դափնեկիր, ճիշտ է, քանի որ նա ոչ միայն եղել է Intel-ի ղեկավարը, այլեւ մեծ ավանդ ունի զարգացող երկրներում համաշխարհային կրթական համակարգի զարգացման գործում»,- ասել է Ռիչ Գոլդմանը:

Քրեյգ Բարեթը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար` ասելով, որ «լինելով Հայաստանում եւ ստանալով այս մրցանակը` ես ներկայացնում եմ մի շարք մարդկանց, ովքեր վերջին տասնամյակում հսկայական ազդեցություն են ունեցել մեր կյանքի, աշխատանքի եւ ուսման վրա»:

«Առաջիկա տարիներին տեխնոլոգիաները կշարունակեն զարգանալ արագ տեմպով, նույնիսկ գերազանցելով այն ցուցանիշը, որը մենք տեսել ենք վերջին 10-20 տարիներին, իսկ դա նշանակում է, որ համաշխարհային քաղաքական ու բիզնես-առաջնորդները չպետք է արհամարհեն տեխնոլոգիաները, քանի որ հակառակ դեպքում այդ երկրների հասարակությունը հետ կմնա մնացած աշխարհից»,- ասել է Քրեյգ Բարեթը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ այս մրցանակը երկրի համեստ ներդրումն է համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ: «Մենք դրանով պատվում ենք դոկտոր Բարեթին եւ բարձր ենք գնահատում Intel կորպորացիայի դերը ամբողջ աշխարհում բարձր տեխնոլոգիաների ու գիտելիքների տարածման գործում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով, մրցանակի հիմնական նպատակն է բարձրացնել հայ երիտասարդության հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ: «Մենք կխրախուսենք նրանց ուսումն ու աշխատանքն այդ ոլորտում, կփնտրենք եւ կգտնենք դրա համար անհրաժեշտ ուղիներ ու միջոցներ»,- ասել է նախագահը:

IT ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը հիմնելու մասին որոշում է կայացվել 2009 թվականին: Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ ստեղծված մրցանակն ամենամյա է եւ շնորհվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց: Մրցանակի գլխավոր հովանավորը VivaCell-MTC ընկերությունն է: