15:36 | 01.06.10 | Նորություններ | 2931

Կառավարությունում կստեղծվի երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման աշխատանքային խումբ

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է կառավարությունում ստեղծել երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման հարցերով աշխատանքային խումբ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստում, որը ղեկավարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանը հանդես է եկել երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման ու ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության խնդրի մասին վերլուծական զեկույցով:
 
Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության եւ նպատակահարմարության հարցը: Աշխատանքային խումբը, որը կստեղծվի ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, պետք է քննարկի եւ ներկայացնի գրավոր առաջարկություններ օրենքի իրականացման ընթացակարգերի հստակեցման եւ բարելավման վերաբերյալ:

Խորհրդի նիստում քննարկվել են նաեւ «Armtech-2010» համաժողովի կազմակերպման խնդիրները, էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը եւ ինտերնետ թրաֆիկի փոխանակման կենտրոնի հիմնադրամի ստեղծումը: