10:54 | 01.06.10 | Նորություններ | 3903

Beeline-ը գործարկել է «Շարժական գրասենյակ» մարզերի համար

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է «Շարժական գրասենյակի» գործարկման մասին. վաճառքի եւ սպասարկման գրասենյակի վերափոխված ավտոմեքենան մեկնելու է ՀՀ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրեր` հաճախորդներին սպասարկելու նպատակով:

Նախագիծը մեկնարկելու է Լոռու եւ Արագածոտնի մարզերում: Ընկերությունը նախատեսում է հետագայում ընդլայնել «անիվների վրա գրասենյակի» աշխատանքի աշխարհագրությունը:
«Շարժական գրասենյակի» միջոցով Beeline-ի բաժանորդները կարող են վճարել ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի, ինչպես նաեւ ինտերնետային կապի ծառայությունները, լիցքավորել հաշվեկշիռը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության ծառայություններին, ստանալ մանրամասն հաշիվ եւ այլն:

«Միասնական օպերատորը` «ԱրմենՏել» ընկերությունը, կապի ծառայություններ է մատուցում ողջ երկրում, մշտապես բարձրացնում է դրանց մատչելիությունն ու կատարելագործում սպասարկումը: «Շարժական գրասենյակը» մեր հաճախորդներին թույլ կտա ստանալ որակյալ եւ հարմարավետ սպասարկում իրենց բնակավայրում»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
3 ամսվա ընթացքում «Շարժական գրասենյակը» կայցելի Լոռու եւ Արագածոտնի բնակավայրեր: Բնակիչները նախօրոք կտեղեկացվեն իրենց գյուղում գրասենյակի աշխատանքի օրվա եւ ժամի մասին: