14:41 | 31.05.10 | Նորություններ | 3059

Այցելուները կարող են ամեն օր հետեւել ՀՀ պետբյուջեի ծախսերին օն-լայն ռեժիմով

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է ՀՀ կառավարության նորացված կայքի /www.gov.am/ եւ կառավարության էլեկտրոնային ծառայությունների նոր կայքի /www.e-gov.am/ շնորհանդեսը:

Ինչպես այսօր շնորհանդեսի ընթացքում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նորացված կայքի հիմնական կարգախոսն է` «դինամիկություն եւ թափանցիկություն»:

Նորացված կայքը թույլ է տալիս բաժանորդագրվել ոչ միայն պաշտոնական նորություններին, այլեւ նորացվող այլ բաժիններին: Ստեղծված է նաեւ տեսանյութեր դիտելու հնարավորություն:
 
Նորացված կայքում բացվել է նաեւ «Մամուլը մեր մասին» նոր բաժինը, որտեղ օպերատիվ կարգով տեղադրվում են ԶԼՄ-ների բոլոր նյութերը կառավարության գործունեության մասին` անկախ դրանց բովանդակությունից:

Ներկայացնելով www.e-gov.am նոր կայքը` Դավիթ Սարգսյանն ասել է, որ այստեղ ներկայացված են կառավարության` արդեն գործարկված էլեկտրոնային ծառայությունների հղումները, ինչպես նաեւ ինտերակտիվ պետբյուջեն, որը առաջիկայում կթարմացվի ամեն օր:

«Այցելուները հնարավորություն կունենան ամեն օր հետեւել ՀՀ պետբյուջեի ծախսային մասին օն-լայն ռեժիմով»,- ասել է Դավիթ Սարգսյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս շարունակվում են աշխատանքները www.e-gov.am կայքի բովանդակության եւ տեխնիկական հագեցման ուղղությամբ, եւ առաջիկա ամիսներին այն կհամալրվի նոր բաժիններով: