14:13 | 05.05.10 | Նորություններ | 3814

«Orange-ը հեղափոխություն է կատարել ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկայում», հայտարարել է ընկերության ղեկավարը

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում Orange-ի ծառայությունների մատուցման արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, երկրում ինտերնետ-սպառողների թիվը կրկնապատկվել է, այսօր ասել է ընկերության ղեկավար Բրունո Դյութուան:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Հայաստանում Orange-ի ծառայությունների մատուցման առաջին վեցամսյակի արդյունքներով Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ ներկայումս ընկերության ակտիվ բաժանորդների թիվը կազմում է շուրջ 250 հազար, որից 225 հազարը ձայնային ծառայությունների սպառողներ են, իսկ 25 հազարը` ինտերնետ-բաժանորդները:

«Orange-ն իսկական հեղափոխություն է կատարել ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկայում: Մենք հպարտությամբ նշում ենք, որ ունենք Հայաստանի ամենալայն 3G+ ցանցը, որը մատչելի է բնակչության 83%-ին: Մենք հայաստանյան շուկայում առաջինն ենք ներկայացրել iPhone, Android համակարգով աշխատող HTC սմարթֆոններ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարմարավետ եւ նորարարական ծառայություններ»,- ասել է Բրունո Դյութուան:

Անդրադառնալով ընթացիկ տարում զարգացման առաջնահերթ ուղղություններին` Բրունո Դյութուան ասել է, որ ընկերությունը կկրկնապատկի ինտերնետի թողունակությունը, իր խանութների ցանցը մինչեւ տարեվերջ կհասցնի 80-ի (ներկայիս 43-ից), իսկ մինչեւ օգոստոսի վերջ կընդլայնի 2G եւ 3G+ ցանցերը` իր ծառայությունները հասանելի դարձնելով ՀՀ բնակչության 93%-ի համար:

Բրունո Դյութուան ասել է, որ Հայաստանում Orange-ի ներդրումների ծավալն ընթացիկ տարում կկազմի $50 մլն (նախորդ տարի օպերատորի ներդրումների ծավալը կազմել է շուրջ $180 մլն):