12:58 | 20.04.10 | Նորություններ | 4032

VivaCell-MTS-ը եւ FPWC-ն կոչ են անում մասնակցել Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ծառատունկին

Երեւան/Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) այսօր քաղաքացիներին կոչ են արել ապրիլի 22-ին մասնակցել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում կայանալիք ծառատունկին` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ այս միջոցառումը կենտրոնականը կլինի «Կանաչ սերունդ» արշավի շրջանակներում: 

Ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում կտնկվեն Արեւմտյան Հայաստանից բերված  95 տնկիներ:

Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրել է, որ FPWC-ն եւ VivaCell-MTS-ը ԱՄՆ-ում ձեռք են բերել 20 անուն արժեքավոր գրքեր մասնավոր հավաքածուներից, որոնք կնվիրեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանին:

«Այդ գրքերում հավաքված են Ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, սկզբնաղբյուրների տեղեկություններ, որոնք կհամալրեն Թանգարան-ինստիտուտի գրադարանը»,- նշել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրենը: